Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/273

Այս էջը հաստատված է

արդյունք։ Կա բեղով Տիգրան, կա և Թիմարցի Տիգրան, կա Տիգրան, որ անհայտ է, թե ինչու կոչվում է «հայու տղա», վերջապես չորրորդ Տիգրանին կոչում են «կոմսոմոլ Տիկո», և ահա չկա ավելի լավ ջրվոր, քան բեղով Տիգրանը. Թիմարցուն չի կարելի քաղհանի ուղարկել, որովհետև նա կռվում է քաղհանավոր կանանց հետ, այնինչ նրանից լավ ֆուրգոն քշող չկա. «հայու տղան» բամբակի «հոգու մեջն է», իսկ կոմսոմոլ Տիկոն օրնիբուն մեքենաների հետ է։ Կա տափ, բամբակի արաթ, պետք է որոշել, թե ո՞ր պատանի ձեռնհաս է հորիկ լինելու, քանի՞ տղամարդ կարող է գետափի խոտատեղը հնձել, ո՞վ է դարսում բարձր բարդոց և այնքան ամուր, որ նույնիսկ հարավի քամին չքանդի։ Սեղանի մոտ նստած մեկը, որ ղեկավարում է խորհրդակցությունը, հարցնում է․

− Քեռի Դավո, երկար արտի ներքևի մա՞սը պիտի թանձր սերմել, թե՞ վերևի։

Քեռի Դավոն մի քիչ մտածում է և պատասխանում։ Եվ դուրս է գալիս, որ ոչ վերևը պիտի թանձր սերմել և ոչ էլ ներքևը նոսր, այլ երկու ծայրերը հավասար խտությամբ, իսկ մեջտեղը թանձր։

Եվ դեռ հարյուրավոր այսպիսի հարցեր՝ բամբակ ցանողների, քաղհանավորների, սերմնացանների և հնձվորների, դարբնի և սայլապանների մասին, աղյուս թափողների և տուն կառուցող վարպետների աշխատանքի ու նրա վարձատրության չափի մասին և այն մասին, թե ինչպես սերմել, որ արտերում անսերմ «խեց» չմնա, որ հողի բոլոր գուղձերը փշրվեն․ ով է քաղցր հնձում, ով է լավ առու քաշում, լար տալիս և մարդոց անում, ե՞րբ է հարկավոր ցելաջուր և ե՞րբ ակոսով ջուր,− և մի՞թե հնարավոր է միառմի թվել աշխատանքի այն բոլոր տեսակները և նկարագրել աշխատանքի կազմակերպման դժվարությունները և նրանց փորձը, որոնք չորս տարվա ընթացքում եփվել են այն դժվարությունների բովում և որոնցից յուրաքանչյուրը փակ աչքերով էլ տեսնում է իրենց հողերը, իրենց մեքենաներն ու մարդկանց, որոնք միացրել են աշխատանքը։

Եվ դեռ երկար ժամանակ և ոչ թե մի օր, անձրևից ծեծված և արեվառ դեմքերով այդ փորձառու մարդիկ, համայնական հողի մշակների այդ նոր ցեղը պիտի ուղեղ մաշի և նրանց աշխատանքը պիտի ուռճանա լիքը հասկերով։