Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/275

Այս էջը հաստատված է

և վերջապես իր՝ քեռի Դավոյի անվրդով ու գոհ դեմքը, նրա զրույցի խաղաղ ընթացքը։

Պատահե՞լ է ձեզ ձմռան բուքին լինել դրսում՝ խավարի մեջ, երբ ձյունախառն բուքը ծածկում է բոլոր ճանապարհները, ձյունի փաթիլները սուր ավազների նման ծեծում են ձեր դեմքը, սառչում է ձեր շունչը և ահա թվում է, որ այլևս փրկության ուղի չկա, փրկության ուղի՝ այդ խավար գիշերը, երբ ոռնում է բուքը և ահա հանկարծ ցոլում է մի վիթխարի կրակ, դժվարությամբ հասնում եք կրակին, և երբ արդեն տաքացել են ձեր ձեռքերն ու մարմինը, երբ հնարավոր մահը դառնում է անցյալ, իսկ փրկությունը՝ հրաշք, կրակի մոտ ուրիշներին հանդարտ ձայնով պատմում եք այն ուղիների մասին, որտեղ խավար էր և ոռնում էր մահվան բուքը։ Ահա այդպես իբրև մի մարդ, որ հասնում է ապահովության ափը, քեռի Դավոն պատմեց իր և իր նմանների կյանքը։ Նրանք և նրանց պապերը այդպիսի տուն չեն ունեցել, նրանք ապրել են մի մութ երկրում, մրոտ տների թոնրածխի մեջ։ Նրանք ունեին եղեգնյա խսիր, որ փռում էին օջախի առաջ և ամբողջ գերդաստանը պառկում էր խսիրի վրա, ինչպես քարայրի գազանը չոր տերևների վրա։ Եվ նույնիսկ այդ կյանքը շատ եղավ նրանց համար, և ինչպես կրակվող եղեգնուտից փախչող թռչուններ, նրանք հեռացան իրենց բարձր քարափներից և քարափների խեղճ տներից։

Երբևիցե մի գրիչ կպատմի քեռի Դավոյի կյանքը և այդ գրիչը շատ կգտնի հերոսություններ նրա կյանքում։ Եվ նա կզարմանա, թե ինչպե՞ս է, որ բոլոր պատուհասների ընթացքում չի անհետացել քեռի Դավոյի զարմը։ Բարձր ոգևորություն կհոսի նրա երակներում, երբ այդ պատմիչն իր պատմությունը հասցնի մինչև այն օրը, երբ իրար հետ միացան տասներկու ծուխ և այս հողերի վրա վառեցին նոր կյանքի կրակները և առաջին տասներկուսի հետ քեռի Դավոն լսեց համայնական կյանքի կոչը։

− Իսկ ի՞նչ ես անելու այն ավելցուկը, որ ունես...

Այստեղ մեր զրույցին խառնվեցին և կանայք՝ քեռի Դավոյի կինը և նրա հարսը, այն թուխ մանուկների մայրը, որի կանացի մատները քնքշություն էին տվել Դավոյի կառուցած տան հաստ պատուհաններին և պատերին։ Երևաց, որ կանայք տարբեր կարծիքի են ավելցուկ ցորենի մյուս մթերքների օգտագործման մասին, նրանք պահանջում էին «կարի մեքենա» և «կռավաթ», իսկ հարսը՝ նույնիսկ պատեֆոն։ Այնինչ քեռի Դավոն հակառակ է մտածում․ նա կամենում է իր նոր տան կողքին կառուցել մի ավելի ընդարձակ սենյակ, գետնից բարձր, որ ներքևը