Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/280

Այս էջը հաստատված է

էին պլոկում Իվան բեյի ընդարձակ այգին, օգտվում նրա բարիքներից և գրպան ու ծոց պտուղներով լցնում, ծլկվում մի ապահով տեղ։ Երբեմն էլ ճղակոտոր էին անում մի ծառ, պտուղ քաղում, իսկ ճյուղը թողնում ընկած, մորթած անասունի պես։

Իվան բեյը տուն էր գալիս, կինը լացակումած կոտրած ճյուղն էր ցույց տալիս և ասում, որ գանգատ տա... Իվան բեյը նայում էր, երերում գլուխը, սուս անում։

Հե՜յ գիտի ժամանակ։ Առաջ ծիտն իր թևով կվախենար Իվան բեյի ծառից մի կեռաս կտցելու։

Այսպես էր մտածում Իվան բեյը, մտքի ծովն ընկնում, լող տալիս դեպի ետ, տասնյակ տարիներ ետ, երբ պրիստավի գրագիր էր, կանցելարի շեմքով ներս մտնելիս գետնին պպզած գյուղացիք պիտի ոտքի կանգնեին, մինչև գոտկատեղ խոնարհ գլուխ տային։

Իսկ ինքը հազում էր խրոխտ, աչքերն աջ ու ձախ ման ածում, տեսնի թե ի՞նչ նոր մարդ է եկել, կամ ո՞վ է երեկվա խոսք տված փեշքեշը բերել։ Նայում էր ու կանցելարի դուռը բաց անելիս, դռան շեմքին արձանի պես կանգնած ծառային ամեն օր հարց անում.

− Ակո՛փ, օթաղս լավ ես սրբե՞լ, տես հա՛․․․

Ու մատը թափ էր տալիս։ Իսկ Հակոբը մեջքն ավելի էր դեմ անում պատին, ձգվում, վիզը երկարում հնդուհավի պես և աչքերը առաստաղին գցելով ասում.

− Հրամել ես, աղա, քո ուզածն ա...

Այդ էր վերհիշում Իվան բեյը դարբասի քարին նստած ժամանակ։ Թազբեհի հատիկների միալար ձայները ասես զանգերի ծանոթ ղողանջներ էին՝ հարազա՜տ ու հին։

Փողոցում, իրիկվա դեմ քամին էր սուրում մեղմ, իրար էին քսվում տերևները վայրի խաղողի․ մի հաճելի խշշոց կար իրիկվա կիսամաթինւ Ւվան բեյր կիսախուփ էր անում աչքերը, այդ ձայնին ունկնդրում։ Այնքան մոտիկ, այնպես հարազատ էին թվում օրերը, որ անցան Երազ էր, ասես չէր եղել...

* * *

− Իվա՜ն, դե եկ էլի, սամովարը սառավ,− ձայն էր տալիս կինը ներսից։

Իվան բեյը տնքալով վեր էր կենում տեղից, թազբեհը պահում գրպանում և դարբասով ներս մանում։