Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/281

Այս էջը հաստատված է


Ամեն իրիկուն դարբասի երկաթ կապն ինքն էր գցում ու մի քար էլ դռան դեմ անում։ Առաջ հեշտ էր քարը տեղից ժաժ տալ. կռներում ուժ կար, տանը ծառա կար։

Դարբասն ամրացնելուց հետո պարտեզի դռան պիտի նայեր ու տեսներ, թե պառավը չի՞ մոռացել հավաբունը ծածկել։ Հետո տնքալով բարձրանում էր գերանները փտած սանդուղքով, նստում սեղանի առաջ և դեղնած, կաշին կուչ եկած ձեռքերով պինդ բռնում տաք բաժակը։

Իվան բեյը մի փոքրիկ կտոր շաքար էր դնում լեզվի վրա և ծպացնելով թեյը կում կում խմում, կում անելիս գլուխը բարձրացնում, իջեցնում:

Իսկ կինը միշտ թոնթորում էր, թե էլ առաջվա թեյը չկա, կամ միսն է լղար, կամ էլի մուրաբի պատմությունն անում։

Թեյից հետո Իվան բեյը սովորություն ուներ հին ժուռնալներ նայելու։ Եվ անպատճառ ակնոցը պիտի դներ քթի ծերին ու պատկերին նայեր ակնոցի վրայից:

− Այ թե հա՜,− ասում էր երբեմն, նրա փոքրիկ, ջրակալած աչքերը ժպտում էին, մատը դողալով դնում էր նկարի վրա և պառավին ցույց տալիս այն, ինչ հազար անգամ տեսել էին միասին։ Հետո շրջում էր նկարը, մի ուրիշը բաց անում և էլի ուրախացած ասում.

− Ա պառավ, մի տես է՜...

Հետո պառավը ժուռնալն իր տեղն էր դնում, իսկ Իվան բեյը հանվում էր քնելու։ Բայց առաջվա քունն էլ չկար. անկողնում տապակ-տապակ էր գալիս, օֆ անում, մի կողքից մյուսը դառնում ու հանկարծ, միտը մի բան ընկնելուց, պառավին զարթնեցնում էր, ասում թե.

− Էգուց իմ պալտոնիս էն կոճակը կարի, այ պառավ։

Իվան բեյի վերարկուն...

Օձիքը մաշված, վրան մի մատ չորացած քրտինք ու կեղտ, որ փայլում էր մոմած հատակի պես։ Իվան բեյը վերարկուն ուսին էր գցում, կամ մի թևը հագնում, իսկ մյուս ազատ թևով վերարկուի տակ էլի թազբեհի հատիկները գլորում։

Այդ տեսքով թևը ջարդած սագի էր նման Իվան բեյը, մի պառավ սագի, որ լնգլնգալեն է գնում ու կախ ընկած թևը գետնի վրայով քարշ տալիս։

Քսան տարուց ավել էր, որ այդ վերարկուն նրա ուսին էր: Պարգև էր ստացել իր վաղեմի ծանոթից: Այնքան պսպղան կոճակ կար վրան և այնպես լավ էր սազում այդ վերարկուն Իվան բեյին։