Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/286

Այս էջը հաստատված է

զեկուցման մեջ գրում էր, թե «չորացել է այսքան փութ, մկները կերել են այսքան փութ և թափվել է այսքան», մի գիրուկ նախկին, որ հազիվ էր մագլցել հիմնարկի պատից և տաքուկ անկյուն պատրաստել, ինչպես նապաստակը ձմեռելուց առաջ, մի հաշվապահ, որ մայր մատյանի լուսանցքում սովորույթ ուներ «Տիգրանին տվի հիսուն կոպեկ», «բրինձի համար առա մի մանեթ», «ևս առա մի մանեթ», «ձեռաց տվի Ն-ին մի մանեթ» և այլն.− պահեստապետը բեղավոր, նախկինը գիրուկ, հաշվապահը «ևս տվի» խառնվել էին իրար։ Սիրտ էր, որ տրոփում էր, մտքեր էին, որ խառնվում էին։ Երեկ էլ արև էր, մյուս օրն էլ... բայց ոչ մի ավտո չեկավ և ով էր սպասում, թե պիտի գան։

Ավտոն երեք հոգու բերավ, երեք սովորական մարդու, աչք ու ունքով, շարժ ու ձևով հասարակ։ Նրանցից մեկը, երբ իջավ ավտոյից, շուրջկալ արած մանուկներից մեկին առավ և նստեցրեց կաշվե բարձին։

Այդ էլ տարածվեց քաղաքում ռադիոյից էլ արագ, հավելումով ձրի, որ երեխին գրկողը գթառատ է, քաղցրաբարո:

* * *

Իվան բեյն էլ իմացավ, որ ավտոն մարդիկ է բերել։

Ծառան էր, հիմնարկի ծառան, որ կուլան ջրով լի դրեց սեղանի վրա և Իվան բեյին ասաց շշուկով.

− Քննիչներ են եկել...

Իվան բեյը նախ չհասկացավ, նայեց ծառային, որ ժպտում էր խորամանկ, ակնոցը շտկեց ու նորից հարցրեց։

Լուրը նրա վրա սկզբում չազդեց։ Նա շարունակեց համարագրել և դարսել թղթերն ըստ «գործի», բայց հանկարծ մտաբերեց, որ քննիչներ են եկել։

Նա փորձեց վանել այդ միտքը, նույնիսկ ժպտաց, որովհետև էլի աչքովն ընկավ մի ծանոթ գիր, բայց այս անգամ ժպիտը շուտ հալվեց և դեմքի վրա քարացավ մի բութ արտահայտություն։

Նոր միտքը էլի եկավ, աներես ճանճի պես թառեց գլխի կատարի վրա և էլ պոկ չեկավ, տիզի պես կառչեց մորթուն։

Գրելիս սխալվեց, ուրիշ երես պիտի բաց աներ։ Այդ ավելի շփոթեց նրան, ձեռքը շփեց ճակատին և շփեց լորձունքի պես սառը քրտինքը ճակատի։ Իվան բեյը վեր կացավ, աթոռը շտկեց, փալասի կտորն ավելի ուղղեց, գրիչն էլի ձեռքն առավ։ Նա զգաց, որ քիմքը չորանում է, լեզուն