Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/288

Այս էջը հաստատված է



Սառնություն զգաց Իվան բեյը, մարմինը փշաքաղվել էր: Վերարկուն ուզեց, կոլոլվեց վերարկուի մեջ և անմիտ հայացքով էլի նայեց բակի խնձորենուն, կիսակարմիր խնձորենուն:

Մտածում էր. մտքերը ցրիվ ոստոստում էին, ինչպես ճնճղուկները ցանկապատի վրա. չէր կարողանում կապակցել իրար:

Ժողով պիտի լինի, գուցե հարց ու փորձ անեն, հին արածները երեսով տան, բանտարկեն, տանեն ուրիշ քաղաք, պաշտոնից արձակեն:

Ուրիշ քաղաք տանելու մասին մտածելիս քիչ մնաց լաց լիներ: Նա գլուխը թեքեց խոհանոցի կողմը, ուր կինը տնքալով սամավարն էր տաքացնում Իվան բեյին հերվա մուրաբով չայ տալու։ Այդպես նայում է հորթը այն դռնակին, որով մայրը պիտի գա: Այդքան խեղճություն կար նրա հայացքում և այնպես թշվառ զգաց իրեն Իվան բեյը:

− Մի վեր կաց, բախչեն գնա, քամին տա, աչք ունքդ բացվի,− կինն էր ասաց Իվան բեյին,− ի՞նչ ես միտք անում, տղադ սաղ լինի...

− Հե՛չ, ասում եմ տես ինչքան խնձոր կա ծառի վրա,− շփոթված ասաց Իվան բեյը և մտքում ավելացրեց,− ո՞վ է այսքանն ուտելու...

Եվ խարխուլ սանդուղքներով վար իջավ, մի քանի անիմաստ քայլեր արավ բակում ու մոտեցավ մառանի դռան։ Սանդուղքով իջնելիս նա ուզում էր հավաբնի կոտրած տախտակը տեսնել, բայց մառանի դռան մոտեցավ, դուռը թեթև հրեց ու ներս մտավ:

Ինքն էլ զարմացավ հանկարծ, թե ինչու է առանց ճրագ մառանը մտել, դատարկ մառանը, ուր գերանների վրա սարդերը ոստայն են հյուսել: Մի քիչ էլ կանգնեց ու մառանից դուրս եկավ։

Պարտեզի դուռը բանալիս նա հիշեց, որ մառանի աջ անկյան մոտ հողի տակ մի փոքրիկ տուփ է թաղել, միջին լուսանկարներ՝ որդու և իր հին մեծավորների, էպոլետով ու շքանշանով մեծավորների, թղթադրամ և պղնձե կոճակներ փայլուն: Նա մեկ էլ ուզեց ետ դառնա, բայց կինը վերից ձայն տվավ, թե.

− Էն քաղցր սալորից մի բուռ քաղի, չայի հետ լավ է լինում։

Իվան բեյը սալորենուն մոտեցավ, ցածլիկ ճյուղից մի քանի հատ սալոր պոկեց: Հանկարծ աչքին ընկավ ծառը, բունը ճեղքած, որ Երմոլով պրիստավը թրով խփել էր: Սալորենին դեռ չկար այն ժամանակ, տեղը մի հին կոճղ էր:

Սազանդարը դրմբացնում էր դհոլ ու զուռնա, քոռ Աթան համ թառ էր ածում, համ բլբուլի պես կլկլացնում, Երմոլովի կնիկն էլ նստել էր կոճղի վրա, քահ քահ ծիծաղում էր, իսկ մարդը գինու կուլան ձեռքին պարում էր կանաչի վրա: