Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/296

Այս էջը հաստատված է

առաջ Իվան բեյին ասաց, թե ինչ լավ թեյաման ունես և որ ինքը փող չի ուզում,– երբ տերտերը սանդուղքի ձյունը ճռճռացնելով գնաց և իր հետևից էլ դարբասի դուռը ծածկեց,− Իվան բեյին այնպես թվաց, թե դարբասի դռան հետ փակվեց և ամեն ինչ։

Պարապ զգաց, անասելի դատարկություն սրտի մեջ, կսկիծ, որ մրմուռ ունի։

Հանգավ վառարանի կրակը, մարեց և լույսի ճրագը։ Մութի մեջ, անկողնու վրա, հին վերարկուով կոլոլված պառկեց Իվան բեյը, գլուխը թաղեց բարձի մեջ։

Էլի քամի էր փողոցում, քամին ձյուն էր շպրտում և պատուհանի ապակիները զնգում էին կամացուկ։ Կոշմարի պես ծանր էր սենյակի խավարը Իվան բեյի համար և մի միտք չէր հեռանում գլխից․

− Ինչքա՜ն ցուրտ է պառավի համար...

Եվ ոչ ոք չlսեց Իվան բեյի զսպած հեծկլտանքը ձմռան ցուրտ գիշերին։

* * *

Ծանր օրեր էին Իվան բեյի համար։ Ձմեռվա կարճ ցերեկն անցնում էր մի կերպ և երբ իրիկուն էր դառնում, մութի հետ էլ երկյուղն էր իջնում Իվան բեյի սրտին։

Երբեմն վառարան չէր վառվում․․․ իրիկնանալու պես տեղաշորի մեջ էր մտնում, որ քնի։ Բայց քունը չէր գալիս աչքին, գլուխն էլ վերմակի տակից չէր հանում՝ սենյակի մութը չտեսնելու համար։

Մրսում էր Իվան բեյը, կծիկ էր դառնում առաջվա պես, բայց էլ պառավը չկար, որ մոտենար նրան և ասեր առաջվա պես.

− Կմրսես, ա՛յ պառավ...

Հարևաններն էին օգնում։ Մեկը մի բաժակ կաթ էր ուղարկում, մյուսը մի աման տաք կերակուր։ Երբեմն հարևանի երեխան գալիս էր փայտ կտրատում վառարանի համար կամ ջուր բերում։

Իվան բեյը ոչինչ չէր ասում, կարծես չէր էլ տեսնում եկող գնացwղին։

Նստում էր առաջվա տեղը, վառարանի կողքին, գլուխը կախում վառարանի մոտ։

Գնացող եկողից մեկն էլ, հարևանի մի կին, մի օր կամացուկ հայտնեց իր ծանոթներին, թե Իվան բեյը ցնդվածի պես է դառել։ Ժպտում է ինքն իրեն, ձեռքերը մոտեցնում է սառը վառարանին և շփում իրար։