Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/302

Այս էջը հաստատված է

փտել էին, կախ ընկել։ Եվ երբ առաջին օրը Տիտոսը հորթերն առաջ արած գյուղի ծայրին հասավ, փողոցում կանգնած մի մարդ մտքում նրան դմակը կախ ոչխարի հետ համեմատեց։

Հին փափախի տակից նրա աչքերը գրքին ընկնելիս՝ հորթերն ուզածի չափ կարող էին ցատկոտել, ցրիվ գալ, իրար պոզահարել, մինչև սթափվեր, գիրքը խնամքով ծալեր, տեղավորեր պայուսակում և ապա առաջվա պես սուլելով, կանչելով հավաքեր ցրված հորթերին։ Սպիտակ փափուկ քարը, որով գրում էին պատից կախած տախտակի վրա, Տիտոսը հենց սարի տակի հանքից վերցրեց այնքան, որքան հերիք էր գետի ողորկ քարերի վրա ոչ թե բծեր ու անկարգ խազեր քաշելու, այլ գրելու գրքի բառեր, ամբողջ երեսներ, մինչև անձրևը գար ու ավերեր գրածը։

Ամեն իրիկուն՝ հորթերը տեղաց անելուց հետո, պատահած տղից հարցնում էր չիմացածը։ Հերիք էր միայն մի անգամ ասեին, որպեսզի ասածը պինդ նստեր նրա մտքում։ Սևահողում լղար հատիկն էլ փարթամ է աճում։

Գրած տետրակները, եթե ապակու տեղ պատուհանին չէին փակցնում կամ տետրակի հաստ կողը ձվի դեղնուցով հիվանդի մեջքին չէին փակցնում, գրած տետրակները Տիտոսի պայուսակում էին հավաքվում, մինչև անգիր աներ վարժությունները, մինչև ծվեն-ծվեն չլինեին տետրակի թերթերը։ Նրա միտքը ագահությամբ էր կլանում գիրք ու տետրակ։ Ինչքան զարմացավ տիրոջ որդին, երբ գարնան վերջին Տիտոսը երկրորդ գիրքը խնդրեց։

Հենց այդ երեկոյան էլ նրա մայրը ծննդյան ցավից կանչում էր։ Հաջորդ առավոտը, լուսանալուն պես, երբ Տիտոսը լսեց, որ մի նոր մանուկ է ծծելու մոր կաթը, սառնություն զգաց մոր հանդեպ, վերջին բարակ թելերն էլ կտրվեցին, մայրը հեռացավ, դարձավ երկնքի երեսին լողացող թռչուն։

* * *

Ամառվա շոգին գյուղ եկավ Տիտոսի մանկության ընկերը՝ Անտոնը։ Երեկոյան բեզարած գյուղ վերադարձավ Տիտոսը, ոտները քարշ տալով բարձրացավ հերվա չոր խոտի դեզի վրա, կարպետը գլխին քաշեց։

Եվ միայն առավոտ կանուխ Անտոնենց դռանը Տիտոսը տեսավ ջրի կուժերն ուսին երկու կանանց, որոնք աչքալույս էին տալիս Անտոնի մորը։

− Անտոնը եկել է,− մտածեց Տիտոսը, մոտեցավ, նրա մորը հարցրեց։ Ինչպես կոտրվեց Տիտոսի սիրտը, երբ մայրը գլխին բամփելով ասաց․