Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/303

Այս էջը հաստատված է

− Հենց դու էիր մնացել, որ գնաս նրան քնատեղից վեր կացնես։

Տիտոսը միայն հեռվից էր ուզում տեսնել Անտոնին։ Ինչքան են խաղացել միասին, քանի ծտի բույն են քանդել, գետում լողացել այն ժամանակ, երբ իրենց թոնիրն էլ տաք էր։

− Ով գիտի՝ հիմի մեծացել, մեծ մարդ է դարձել։ Տեսնես ի՞նչ շոր ունի հագին։

Այդ մտքերից հետո Տիտոսին այնքան խեղճ թվաց տրեխների ծուռ ծայրը և այնպես կարոտեց մորը․ նրա լացը հիշեց, երբ ուրիշի դռնակի մոտ յուղոտ պատառ տվեց։ Այն օրից նրան չէր տեսել, նրանց փողոցովն էլ չէր անցել։

Տիտոսը հորթերը հեռու չտարավ։ Գյուղի մոտիկ կանաչուտին հասնելուց հորթերը կանգ առան. Տիտոսը րաց արեց գրքի այն երեսը, որի արանքում բրդի թելի նշանը կար։

Քիչ հետո գլուխը վեր հանեց հորթերին նայելու։ Գյուղի ծայրին սպիտակ գլխարկով մեկն երևաց։ Եկողը ձեռքի ճիպոտով մոշի թփերին էր զարկում և արագ քայլերով մոտենում կանաչուտին։

Տիտոսը հեռվից ճանաչեց Անտոնին։ Այդ օրը երկրորդ անգամ նա ամաչեց կարկատած տրեխների, մորթին ճղած մեծ փափախի համար։

Հանդիպումն այնպես պարզ եղավ, այնքան հասարակ։ Անտոնն առաջինը կանչեց, ձեռքը մեկնած մոտեցավ։ Նա առաջին խոսքն ասաց, որովհետև Տիտոսն անակնկալ հանդիպումից շփոթվեց, գիրքն արխալուղի թևի տակ առավ։

Եվ ոչ մի կարկատան չկար Անտոնի շորերի վրա։ Էլի առաջվա պես ծիծաղելիս կոտրած ատամը երևում էր։ Կոտրած ատամի պատմությունը Տիտոսի միտն ընկավ։

Անտոնը ոչ նրա գիրքը տեսավ, ոչ էլ հետևից կախ ընկած կարկատանները, որի համար մեկը նրան դմակավոր ոչխարի էր նմանեցրել։

Պատմելու այնքա՜ն բան ուներ Անտոնը, իսկ անցած տարիներն այնքան նման էին անցել Տիտոսի համար։ Եվ ինչ որ ասում էր Անտոնը «Րևանու[1] կողմի» մասին, Տիտոսին երազի պես էր թվում։ Գյուղի սարերից դեն ոչինչ չէր տեսել։

Այդ հեռու կողմերում եղել էր Անտոնը. նրա աչքերը տեսել էին մեծ տներ, որոնց նման գյուղում չկա։

− Փողոցներում էնքան մարդ կա՜, հազար, երկու հազար։ Ամեն օր ուրիշ քաղաքներից մաշին է գալիս։ Կառքեր կան, մեծ խանութներ, ուր ուզածդ կա ու չտես բաներ։ Ոնց ասեմ քեզ։ Դե մեր գյուղում երեք հարյուր

  1. Զանգեզուրի շատ գյուղերում Երևանը հնչում են որպես Րևան։