Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/304

Այս էջը հաստատված է

մարդ չկա, երեխա, կնիկ, բոլորը հաշված։ Համա մենակ մեր ուսումնարանում էդքան աշակերտ կա... Հետո վագոնները... Տիտո՛ս, ավտանաբիլի խժժոցից խամ մարդը կվախի։ Խաղող ինչքան ասես, ձմերուկ։ Էնտեղ մեզ նման չեն վար անում, կորեկ սերմելը սովորույթ չի։ Բամբակ են ցանում, մաշինի գութան էլ ունեն։ Վերջը ի՞նչ ասեմ, է՜, ես որ գնացել էի չորս օր աչքերս շաղված էին․․․ Էսպես զարմացք բաներ։

Տիտոսը շունչը պահած լսում էր։ Թևի տակից գիրքը սլլաց, ընկավ։ Տիտոսը նստած տեղից մի քիչ շարժվեց, գիրքը տակն առավ, նստեց վրան։ Պատմելիք չուներ։ Ուզեց ասի, որ ինքն էլ է սովորում, բայց անկարևոր համարեց։ Եթե Անտոնը հարցներ, կասեր։

Իր տեսածից ոգևորված, գյուղում մնացած նախկին ընկերոջ առաջ Անտոնն այնքան հրաշքներ պատմեց «Րևանու կողմերի» մասին։

Երբ հեռացավ Անտոնը, Տիտոսը մի քիչ էլ նստած մնաց, հետո սթափվեց, նայեց Անտոնի հետևից։ Երազի պես թվաց հեռավոր Րևանը, վագոնները, որոնք ամեն օր մարդ են տանում, բերում։ Բայց չէ՞ որ Անտոնը տեսել էր, Անտոնն էր պատմում։ Տիտոսն էլ ականջով լսեց, նրա կոտրած ատամը տեսավ։ Ա՛յ, էլի ձեռքի ճիպոտով մոշի թփերին է խփում։

− Րևա՜ն, Րևա՜ն․․․

− Էստեղից մի օրում կհասնես Սիսիանի մհալին, էնտեղից էլ օր ու կիսվա ճանապարհ է, մինչև մաշինին հասնես։ Մի սար է, բարձրանաս իջնես, սարի տակին կոտրած քարվանսարա կա, էնտեղ կքնես։ Հետո լայն ճանապարհ է, մինչև մաշինին հասնես։ Վագոնը որ նստես, ուղիղ քեզ կտանի Րևանու մեջը... Բիլեթ են տալիս փողով, պետք է բիլեթը պինդ պահես, որ չկորչի, թե չէ կտանեն, շտրաֆ կանեն։ Ես իմս ծոցումս էի պահում, քնելիս էլ ձեռքս վրան էի դնում։ Էսպես հասա Րևան...

Անտոնի խոսքերն էին, որ խժժում էին Տիտոսի ականջի տակ, որպես ձագ տված մեղու։ Փակեց աչքերը, միտքը լարեց, թև առած մտքերը թռան սարերի վրայով հեոուն, դեպի ուր մեկնեց Անտոնն իր ձեռքը, պատմությունն անելիս։

− Տեսնես Կատարի խաչի ուխտավորի չափ մարդ կլինի՞,− մտածեց Տիտոսը, պառկած տեղում նստեց, գիրքը բաց արեց։ Գրքում Անտոնի ասածներից ոչինչ չկար։ Ծառերի մասին էր գրված, ագին ծաղիկ աղվեսի մասին և ոչ մի խոսք Րևանու կողմերից։

− Երևի ուրիշ գրքերում կլինի։

Լսեց գյուղից մի ձայն.

− Տիտո՛ս, էհե՜յ, հորթերը արտի կանաչումն են, կանաչումն են, էհե՜յ...