Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/309

Այս էջը հաստատված է

Շները ետ փախան, տասը քայլի վրա նստեցին խուլ մռռոցով։ Տիտոսի կանչին ամպի միջից երևաց հովիվը, թաղիքի վերարկուն ուսին։ Նրան թվաց, թե հովիվը երկնքից իջավ։ Շները վնգստոցով հեռացան, հովիվը մոտեցավ Տիտոսին, ոտքի վերքին նայեց։

− Բան չկա, հիմա արյունը կկտրվի,− ասաց նա։

Տիտոսը վախից գունատվել էր։ Ոտքի կանգնեց և նոր միայն զգաց, որ ձախ ազդրը ցավում է, ասես մեկը եղինջի փշերով ծակծկվել էր փափուկ միսը։

Հովիվը թաղիքից մի քիչ բուրդ հանեց, փաթաթեց վերքին։

Եվ երբ Տիտոսը կարողացավ մի քանի քայլ անել, մարդը հարցրեց.

− Բա ո՞ւր էդպես մենակ...

− Մենակ չեմ, ընկերներս հրես հետևիցս գալիս են,– ասաց Տիտոսը, աչքի տակով նայեց հովվին, ստուգելու՝ արդյոք հավատա՞ց նա։ Հետո նրան հարցրեց, թե ուր է տանում ճանապարհը, հեռո՞ւ է կոտրած քարվանսարան։

− Դեռ օր շատ կա, արևը մայր չմտած կհասնես։ Հենց էդպես վեր արի...− ասաց հովիվը, մի քիչ էլ կանգնեց, մինչև Տիտոսը ձախ ոտից կաղալսվ կորավ ամպի մեջ։ Հետո փաթաթվեց վերարկուում, սուլոցով բարձրացավ ոչխարի մոտ։

Տիտոսը քանի իջնում էր, ամպն այնքան էլ նոսրանում էր։ Սարի քամին ծվեն-ծվեն էր անում ամպի դեզերը, քշում ներքև, ուր ամպի մանրիկ քուլաները հալվում էին, կորչում։

Մի քիչ հետո, ամպի միջից երևաց արևը։ Դիմացը չոր, ցամաք ժայռեր էին, կարմիր ու գորշ քարեր, որոնց վրա անկարգ բուսել էին կարճլիկ մացառներ։ Ձորակները շատ հեռվում հալվում էին, աստիճանաբար ցածրանում և ձուլվում տափաստանի հետ։

Տափաստանը Տիտոսի աչքին անծայր թվաց։ Հեռվում դժվար էր որոշել տափարակի կապույտ հորիզոնը։ Հարթ երկիրն աննկատորեն միանում էր կապույտ երկնքի հետ, հեռուներում կազմում մի այլ աշխարհ, որ ո՛չ ծով է, ո՛չ երկինք է, ո՛չ էլ անծայր անապատ։

Հետևն ամպոտ սարն էր, որի վրայից նա անցավ։ Սարի գլխին դարձյալ ամպ կար։ Մի պահ Տիտոսին այնպես թվաց, թե սարը մինչև երկինք է հասնում, շները բարձր ամպերի մեջ վրա տվին իրեն։

− Չո՛ւ, չո՛ւ,− լսեց Տիտոսը, երբ մի քիչ ցածրացավ ճանապարհով։ Բարձրացավ քարի գլուխը, նայեց ձորին։ Իշավորներն էին։

Արևը մայր էր մտել, երբ հոգնած քարվանը հասավ կոտրած քարվանսարին։ Քարվանի հետ իջևանի բակը մտավ և բեզարած Տիտոսը։