Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/31

Այս էջը հաստատված է

քարացավ, կնուտը սառեց ձմռան իրիկնապահի ցուրտ օդում. Պանինը կնուտը ետ քաշեց, և երբ Ավին գլուխը բարձրացրեց, նրան թվաց, թե Մթնաձորում մի սատանա է քրքջում։

Երկընտրանքը տարօրինակ թվաց Ավուն։ Կամ քսան ռուբլի տուգանք անտառից փայտ գողանալու համար, կամ էլ Մթնաձորի մի արջ սպանել։ Եվ երբ Պանինը մի անգամ էլ կրկնեց իր առաջարկը, շրթունքները ետ տարավ ու խուլ ծիծաղեց։ Ավին տեղից վեր թռավ, ցախը թողեց և եկած ճամփով ետ գնաց դեպի Մթնաձոր։ Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ։

Ավին նայեց բերդանի պատրոններին, չուխայի փեշերը հավաքեց գոտու տակ, փափախը պինդ կոխեց գլխին։ Նա ձյունի վրայով նույնքան թեթև էր քայլում, ինչքան արջը չոր տերևների վրա։

Մի անգամ ետ նայեց Ավին անցած ճամփին, ոչ Պանինը երևաց, ոչ էլ շները։ Լուսնյակը մեծ ձյունագնդի չափ լույս էր տալիս, արտացոլում էր լուսնի լույսը ձյունի բյուրեղների մեջ։ Ավին պարզ տեսնում էր ծառի բները, եկած ճամփան, ընկած հաստաբուն գերանները։

Իջավ ձորը, լսեց, թե ինչպես սառույցի տակ խոխոջում է ջուրը։ Ջրի ձայնը նրան հիշեցրեց եռման կաթսան, տանը, վառած օջախը։ Տանը երևի սպասում են արդեն։

Հետևից ճյուղի կոտրվելու ձայն լսեց։ Թվաց, թե ձյունի ծանրոցից մի ճյուղ ջարդվեց։ Վեր բարձրանալիս Ավին զգաց, որ մեկը հետևում է իրեն։ Ետ նայեց, մի մարդաբոյ արջ էր կանգնել մի քիչ հեռու, ճյուղն ուսին, չոբանի մահակի պես։

Ավին բերդանը մեկնեց, և երբ արջը թքոտելով դեն գցեց ուսի փայտը, չորքոտանի դարձավ, բերդանը որոտաց, կրակոցի ձայնին ձորերն արձագանք տվին, ծառի ճյուղերից ձյուն թափվեց։ Արջը ոռնաց։ Բերդանի ծխի միջից Ավին տեսավ, թե ինչպես արջը մի ոստյուն արեց, թաթերը բերդանի փողին մեկնեց։

Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի մեջ։ Արջը թաթովն էր տալիս, աշխատում գետնով տալ մարդուն։ Ավին մի ձեռքով պաշտպանվում էր նրա հարվածներից, մյուսով փորձում բերդանի փողը արջի երախի մեջ կոխել, կրակել մի անգամ էլ։

Ծառս էր լինում արջը հետևի ոտների վրա, ձյուն շաղ տալիս, ընկնում, բարձրանում։ Հանկարծ արջը բերդանի փողը բերանն առավ, սկսեց կրծոտել։ Ավու ձեռքը սահեց բերդանի վրայով, մատը բնազդաբար սեղմեց կեռ երկաթին, բերդանը մի անգամ էլ որոտաց։ Արջը ոռնաց առաջվանից