Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/311

Այս էջը հաստատված է

− Ունեմ, հա՜, բիլեթի փող։ Հրես ծոցումս կարած է,− ասաց Տիտոսն ու ձեռքը ծոցին տարավ, մատերով շոշափեց փալասի կտորը, որ մի քանի տեղից թելով կարած էր ծոցին։ Շուտով կհասնի մաշինին։ Ահա կոտրած քարվանսարան, որի մասին ասել էր Անտոնը։

− Ուղիղ ճանապարհ է, կգնաս, կհասնես մաշինին։

Գուցե Անտոնն էլ է գիշերել այդ իջևանում, պառկել նույն խսիրի վրա։ Ինչքա՜ն պիտի զարմանա, երբ տեսնի Տիտոսին։

Ուրախության ալիքը բարձրացավ այնքան, որ սրբեց ետ վանեց քունը։ Ինչո՞ւ կողքին պառկած մարդը էլ ուրիշ ոչինչ չհարցրեց։ Գուցե Րևանու կողմերից է գալիս։ Չի՞ տեսել արդյոք Անտոնին։ Եթե նա գիտենար ինչ մտքեր կան Տիտոսի գլխում, եթե հարցներ։ Տիտոսը բոլորը կպատմեր։

Սակայն մարդը քնել էր, ջորեպանն էլ քնի մեջ անկապ խոսքեր էր ասում։ Օջախում կրակը մերթ հանդարտում էր, բոցը գետնի երեսին էր պառկում, ճիգ անում օջախի մոտ ընկած, կեսը վառված ցախերին հասնելու։ Եվ երբ կրակի լեզուները հասնում էին ցախին, օջախը նորից բոցավառվում էր, լույսի տակ Տիտոսը տեսնում էր տան ցեխապատը, եղեգնով ծածկած կտուրը։

Իրենց գյուղում պատերը քարից են, շատ տների կտուրներն էլ է սալ քար, հաստ գերանների վրա։ Ինչքան կզարմանային գյուղում, եթե մեկը իր կտուրը եղեգնով ծածկեր։

Քնելուց առաջ Տիտոսի վերջին միտքն այն մասին էր, թե չի՞ կաթում այդ կտուրը անձրև օրերին։ Հետո քունն իջավ, միտքն օրորաց, հալվեց, որ կես գիշերին դառնա երազ։

Երազի մեջ Անտոնն էր, ձեռքի ճիպոտով խփում էր մոշի ճյուղերին, տերևները փրցնում։ Կանչում էր, Անտոնը պատասխան չէր տալիս։ Ձեռք էր թե հորթի ոտք կրծքի վրա, ձայնը լավ չէր հնչում։ Քնի մեջ շարժվեց, երազը փոխվեց...

Առավոտյան Տիտոսն ուշ զարթնեց, քունը հաղթել էր նրան։ Նստեց խսիրի վրա, աչքերը տրորեց, մի պահ զարմացած նայեց չորս կողմը։ Հետո վերհիշեց քարվանսարան, օջախի գիշերվա կրակը։ Կողքին քնած մարդ չկար։ Բակում ուղտապանները նավթի պարկերն էին բարձում ուղտերին։ Իշավորները տոպրակի մեջ դարման էին լցնում։

Իջևանի առաջ՝ առվի ջրում, Տիտոսը երեսը լվաց, ձեռքը տարավ պայուսակի հացին։ Ճամփի պաշար դեռ ուներ։ Պառավի տված բլիթները մնում էին, թեկուզ գլխատակին մի քիչ փշրվել էին։ Երբ մի քիչ հետո իշավորները ճանապարհ ընկան, Տիտոսն էլ պայուսակը