Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/316

Այս էջը հաստատված է

Տիտոսին այնպես թվաց, թե կաղն իր մտքերն էր անում, որոնց հետևից նա ասաց «ինշալլահ»։

Վաղը... Ուրեմն վաղն առավոտյան նա կտեսնի վագոնները, որոնք հարյուրներով մարդ են տանում երկաթ գծերի վրայով։ Եթե փողը մնացած լիներ։ Ի՞նչ է անելու վաղը։ Մի՞թե պիտի ետ մնա։ Իսկ եթե ճամփի պաշարը վերջանա՞։

Տիտոսը ձեռքով շոշափեց պայուսակը, հացը նրան սիրտ տվավ։ Եվ ոտները մեկնեց, ձեռքը կամացուկ տարավ ազդրի վերքին, այնքան թեթև թվաց վերքը։ Նույնիսկ ժպտաց, երբ միտն ընկավ շների վրա տալը, ինչպես ինքը վախից գետին ընկավ։

Կաղլիկ մարդը կողպեց իջևանի դուռը, ոտը քարշ տալով մոտեցավ և տախտակների վրա պառկեց։

Տիտոսը շուռ եկավ տեղում, գլուխը մոտեցրեց ծերունու թիկունքին, կուչ եկավ։ Կաղլիկ մարդը պառկելուց առաջ մոտեցավ, ճրագը իջեցրեց, նայեց Տիտոսին, հետո պատի նիշին նայեց և երբ Տիտոսը պառկած տեղից ձայն տվավ, թե ինչ է փնտրում, կաղը պատասխանեց.

− Հե՛չ, մի փետ կար...

Հետո նա հարցրեց Տիտոսին, այս անգամ ճրագը հանգցնելուց և տեղում պառկելուց հետո․

− Մայր ունե՞ս, տղա։

− Ունեմ։

− Հա՞յր։

− Չէ՛։

− Բա էդ ալևորը քո ի՞նչն է․․․

− Հեչ,− ասաց Տիտոսն այնպիսի շեշտով, որ նշանակում էր, թե թող քնեմ։

«Ինշալլահն» լռեց։ Քիչ հետո Տիտոսն էլ քնով անցավ, մոռացավ աքացին էլ, հոգնածությունն էլ․․․

Տիտոսը դեռ երկար չկարողացավ քնել։

− Կոտրած քարվանսարից մի ուղիղ ճանապարհ է, մի օր կգնաս, կքնես, մյուս օրը կհասնես վագոնին․․․

Ճանապարհն ուղիղ էր, սակայն այդ ճանապարհի վրա այնքան խութ ու խոռոչ կար, օրերն այնպես փորձանքներ էին պահել և այնքան արկածներ։ Առաջ ի՜նչ հանդարտ էին հոսում օրերը, որպես պաղ առու կանաչ խոտերի մեջ և ինչպես պղտոր էր ձորի գետը, ջուրը դառնահամ։

Լուսաստղը չէր ծագել, երբ ծերունին տեղում նստեց, հորանջեց և ձայն տվեց ընկերներին։ Տիտոսն իսկույն վեր կացավ, պայուսակը թափ տվավ։