Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/317

Այս էջը հաստատված է

− Ականջդ ինչքան թեթև է,− ասաց ծերունին Տիտոսին։

− Ես կանուխ էի զարթնել,− ասաց նա և դուրս եկավ իջևանից։

Աչքերն ուռած կաղլիկը մեջքը քորելով մոտեցավ իշապաններից քնելու փողն ուզելու...

− Տեսա՞ր, բալա,− ասաց ծերունին, երբ էշերի քարվանը ճանապարհվեց,− Աստծո լույսը սրան են ասում։ Միտն էլ չէր, որ փող առնի քեզնից։

Տիտոսը լուռ քայլում էր ամենից առաջ։ Նրան թև էր տալիս այն միտքը, որ շուտով արևը պիտի ծագի և հենց արևը մի քիչ բարձրանա թե չէ, պիտի հասնեն վագոնին։ Էլ ոչ մի սար, ոչ մի շուն ու իջևան։

Ձորն էլ էր այդ ասում։ Քանի գնում, բլրակները տափականում էին, խոնարհում էին գագաթները, ձորի բարձր ժայռերը մանրանում էին, նոսրանում։

Երբ լուսաստղը դժգունացավ ու կորավ կապույտի մեջ, Տիտոսի աչքի առաջ բացվեց այն անծայր տափաստանը, որի հորիզոնը հեռվից դժվար եղավ որոշել, իմանալ հեռվի կապույտը երկի՞նք է, թե հարթավայր։

Լուսաբացին, օդի մեջ եղած փոշին ցողի հետ իջել էր գետին։ Օդը մաքուր էր և թափանցիկ, որպես սրբած ապակի։ Եվ երբ Տիտոսը հարթավայրի վրա կանաչ այգիներ տեսավ, ուրախությունից ձեռքը մեկնեց այգիների կողմը, կանչեց ծերունուն։ Իշավորներից մեկը շտապեց պատասխանելու.

− Մաշինը հենց էնտեղ է։

Ճամփի կողքին Տիտոսը բամբակի մարգեր տեսավ։ Բացվել էր բամբակը, կնգուղների սպիտակությունից ասես դաշտում ձյուն էր եկել։ Վազեց, բացված կնգուղներից մեկը պոկեց։

− Բամբակն էդ է էլի՛,− ասաց ծերունին։

− Տեսնես մեր կողմերում կբսնի՞,− հարցրեց Տիտոսը, կնգուղը քրքրելով։

− Չէ՛, բամբակը սար տեղում չի բսնում։

Տիտոսի միտն ընկավ գյուղի ձմեռը, սպիտակած դաշտերը։ Խուրձը շալակին անցավ դպրոցի կողքով, մեկը ժպտաց ներսից, ինքն էլ ժպիտով պատասխանեց։

Ի՞նչ են ասում իր մասին գյուղում։ Մայրը սպասում է մի լուրի։ Երևի ուրիշ հիշողներ էլ կան։ Հենց այդ ժամին, երբ արևելքում ամպերը ոսկու փայլ ունեին, գյուղում կովերին խոտ են տալիս, ծուխը հերգից բարձրանում է։ Ջանունց պառավը արմունկները վեր քաշած պատին առավոտյան թիքն է ծեփում։