Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/318

Այս էջը հաստատված է

Անցներ մի քանի տարի, մեծանար, Անտոնի չափ իմանար, վերադառնար գյուղ, տեսած տեղերը ման գալու։ Ո՞վ պիտի ճանաչի հորթարած Տիտոսին։

Արևի բարձրանալու հետ ճանապարհն էլ քչանում էր։ Էշերը փռնչացնում էին քթածակերի փոշին, ոտով գնացողները փոշի էին հանում։ Տիտոսի քայլերը ետ չէին մնում մյուսներից։ Ոտքերն այնպես պինդ էր կոխում, ասես ամեն մի քայլը ուժեղ կամքի մի որոշումն էր անընդհատ քայլելու, բարձրանալու սանդուղքն ի վեր, մինչև գագար։

Ճանապարհը քաղաքի այգիների մեջ մտավ։ Ձորի գետը քաղաքին հասնելիս մանրիկ առուների էր բաժանվում, ջուր տալիս առուներին, խաղողի վազերին։

Տիտոսն աոաջին անգամ ոտք կոխեց քաղաքի փողոցը։ Թեկուզ քաղաքն ընդարձակ գյուղի պես էր, փողոցները ծուռ ու մուռ, տները ցեխով շինած, ջուրը կեղտոտ, բայց և այնպես նրա համար նոր բան շատ կար ասիական քաղաքի նեղլիկ փողոցներում։

Ահա կառքը, մի զույգ ձի լծած։ Ինչպես հանդարտ է սլլում, ասես անիվները գետնին չեն դիպչում։ Ինչքան շատ գլխարկ կար այն խանութի դռանն․ ինչ լավերն էին։ Մեկը միս էր խորովում, սպիտակ գոգնոցը հագին։

− Ճանապարհը չսխալվես, բալա,− ասաց ծերունին, որ իշու վրա նստած հետևում էր Տիտոսին։ Եվ եթե առաջինը գլուխը բարձր էր պահում, քայլերն ամուր կոխում, ժիր աչքերը խաղացնում բնում, եթե Տիտոսն այդ դիրքով լեռնցի աշխարհակալ էր, իշու վրա նստած ծերունին ապացուցում էր, որ իրոք հին դարերում էլ էշը հարգի է եղել և Մարգարեն իշու վրա նստած է մտել հրեական մի խուլ քաղաք։

Շուկայում Տիտոսը բաժանվեց իշապաններից։ Նրանք կայարան չպիտի գնային։ Ծերունին մահակով ցույց տվեց քաղաքի ծայրին ընկած տունը։

− Հրեն է, մաշինն էնտեղ է կանգնում,– ասաց և հարդի տոպրակ հագցրեց իշու գլխին։

Տիտոսն իջավ դեպի սպիտակ տունը։ Ահա թե որն է երկաթուղու ճանապարհը։ Հեռվից արևի տակ պսպղին էին տալիս երկաթի զույգ գծեր։ Թվում էր, թե երկաթ չի, այլ շափաղ տվող ապակի։

Սպիտակ տան առաջ մի քանի կառքեր կային։ Ներսում մարդիկ շարք էին կանգնել, մոտենում էին նեղլիկ պատուհանին, որի հետևից մի ձեոք ներս ու դուրս էր անում։

− Երևան, մի հատ,− լսեց Տիտոսը։ Նա էլ է գնում նույն ճանապարհով։ Եթե մարդը նրա համար էլ տոմս ստանար։