Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/321

Այս էջը հաստատված է

− Քնես վեր կենաս, մեկ էլ քնես, կդառնա զատիկ,− պատասխանում էր մայրը։

Տիտոսը պայուսակին նայեց։ Պառավի բլիթները փշրվել էին։ Ձեռքը կոխեց, բուռը լցրեց։ Մոր տվածից մնում էր չոր պանրի մի կտոր և առանց յուղ գաթա, քարի պես պինդ։ Գրքերը տեղն էին։ Բլիթի փշրանքները կուլ տալիս Տիտոսը բռի մեջ տեսավ կավիճի կտորը, նորից տեղը դրեց։ Գրիչն էլ էր պայուսակում։ Տիտոսը նայեց գրչին, որի կոթը մասրենու ճյուղ էր, վրան սև թելով փաթաթած ծայր։

Հանկարծ դուռը բացվեց, Տիտոսը քիչ մնաց ընկներ։

− Հը՜, լապստրակ, բռնվեցիր,− ասաց մարդը, որ մուտքի առաջ տոմս էր ստուգում։

− Դե՛, ներս եկ, հիմա հոգեառդ կգա...

Տիտոսը սանդուղքից ցած նայեց։ Գետինն արագ էր դառնում, անիվները դղրդում էին։ Եթե ցած թռներ...

Բայց մարդը նրա թևից բռնեց, ներս հրեց և դուռը կողպեց։ Ներս հրելիս Տիտոսի փափախը գլխից պոկվեց, ընկավ։ Նա միայն այն տեսավ, թե ինչպես փափախը ոզնու պես գլորվեց ավազի կույտերի վրա։

Մարդը գնաց։ Տիտոսը զգաց, թե ինչպես ոտքերի տակ անիվները թափով զարկվում էին տախտակներին, ասես հիմա պետք է տախտակները ջարդվեն։ Ոտքի մեկը բարձրացրեց, աչքը ման ածեց, ավելի ապահով տեղ գտնելու։

Մի ուրիշն եկավ։ Առաջին մարդը ցույց տվեց նրան դռան մոտ կուչ եկած Տիտոսին։

− Ո՞ւր ես գնում,– հարցրեց նորեկը։

− Րևան,− պատասխանեց Տիտոսը։ Ու մի քիչ սրտապնդեց։ Ինչ ուզում են ասեն, միայն հասնի քաղաք, Անտոնին տեսնի։

− Ո՞վ ես,− հարցրեց մարդը։

− Տիտոսն եմ, Դաժունց թոռը...

Ու չհասկացավ, թե ինչու մարդիկ ծիծաղեցին իր պատասխանի վրա։ Ինքն էլ ծիծաղեց։ Նորեկը նրա պայուսակը քրքրեց։ Չոր հացի կտորտանք կար, թերթերը մաշված մի գիրք, մի քանի դրստած տետրակներ։

− Լա՛վ, էնտեղ կքննենք,− ասաց մարդն ու հեռացավ։

Տիտոսը ոչինչ չհասկացավ։ Եվ երբ մարդիկ հեռացան, գնացքը կանգնեց, Տիտոսը բարձրաձայն համրեց.

− Էս էլ չորս․․․

Մի քիչ հետո գնացքը շարժվեց։ Մարդը մի անգամ էլ եկավ, անցավ մյուս վագոնը։ Նա ոչինչ չասաց։