Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/322

Այս էջը հաստատված է

Բաց պատուհանից Տիտոսը գլխաբաց նայում էր դուրս։ Քամի էր փչում, քամին իրար էր խառնում նրա անլվա մազերը։ Տիտոսն այդ չէր զգում։ Նրա աչքերը հեռվում փնտրում էին բարձր սպիտակ տներ, փողոցներում հազար մարդ և հազարի մեջ Անտոնին...

Եվ շրթունքները անիվների միալար դղրդոցի հետ կրկնում էին միայն մի բառ.

− Րևա՜ն, Րևա՜ն...

1928

ՄԱՅՐԸ

Երբ գարնանամուտին Ունանը տնքտնքալով մաշված, ցեցը կերած փայտե սանդուղքը տեղափոխում էր սրահից բակ և պատին դեմ անում, որ վեր բարձրանա ու իրենց տանը վարժված արագիլի բույնը սարքի,– հարևաններն իրար ասում էին.

− Գարունն եկա՜վ... Էլի Ունանը լագլագի բունը շքեց։ Հրեն հա՜, օճորքի գերանները դմբդմբում են, կտուրին որ խաղան։

− Մինն էլ նրանց տունը շքե՜ր...

− Հրեն Ռուշանը կմեծանա՜, կսարքի։

− Է՜, նրանց ցեղը ես գիտեմ,− ասում էր Ունանի զրույցընկեր և դրկից Մեժլումը, որի աչքերը ծերությունից չորացել, ճաքճքել էին, ձմեռը ճյուղքին մնացած ծիրանի նման։− Գլուխը թափահարելով, Մեժլումը կրկնում էր իր վաղեմի խոսքը։

− Բաբի Օհանի կողմն են քաշել Ունանի երեխեքը։ Առուշանը հլա թև չունի․ Զանու փեշի տակին է սթարվում։ Որ մեծացա՜վ, թևին է տալու, թռնի ով գիտե ո՜ր աշխարհ...

Բաբի Օհանը Զանու հայրն է եղել, անհանգիստ, ինքն իր ասածի և հակառակ մարդ։ Եզան նման աշխատել գիտեր, նրա շալակը ոչ ոք չէր կարող տեղից շարժել։ Ձեռքը եթե ձիու մեջքին էր դնում, ուժով ձին էլ կռանում էր, փորը գետնով տալիս։ Երբեմն անհայտանում էր, մի քանի օրից հետո նորից երևում։ Ոչ բան էր բերում, որ ասեի թե գողության կամ որսի է գնացել, և ոչ էլ նրան շրջակայքում տեսնող էր լինում։ Տուն էր գալիս նիհարած, աչքերը փոս ընկած։ Վա՜յ թե մեկը նրան հարցներ գնացած տեղը։ Աչքերն այնպիսի դաժանությամբ էր ոլորում, որ հարցնողը լեղապատառ ետ էր քաշվում։ Ու միայն քնի մեջ անկապ խոսում էր, մռմռում, այս ու այն կողմը դառնում, ձեռքերը շարժում, ասես կոխ էր բռնել իր նման մի աժդահայի հետ։ Մի օր էլ բաբի Օհանը գնում է