Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/324

Այս էջը հաստատված է

կիթը վերջացներ, Ունանը շոյում էր կովի ճակատն ու վիզը, իսկ որդին կանաչ խոտը մանրիկ փնջերով մոտեցնում էր Նարգիզի թաց դնչին։

Կովը տեղաց անելուց հետո Զանին թեյ էր գցում, իսկ Ունանը տղայի հետ խոսում էր այն մասին, թե վաղը որ մարգը պիտի ջրվի։ Եվ երբ Ռուշանը հոր խոսքը կիսատ թողած փողոց էր վազում, Ունանն էլ չուխան ուսերին գցած դուրս էր գալիս, դարբասի քարին նստում, մինչև Մեժլումն էլ երևար։ Դրկիցներն սկսում էին զրույցը, ամեն մարդ իր դարբասի քարին նստած։

Օրերը խաղաղ էին անցնում, մանավանդ ցերեկը, երբ Ռուշանը դպրոց էր գնում։ Զանին նստում էր բակի կեռասենու տակ, գուլպա գործում կամ կարկատան անում։ Ծտերն ուրախ ճռվողում էին, երբեմն գետնի երեսով թռնում։ Զանին գործում էր գուլպան, քթի տակ դնդնում մի երգ։ Կատուն նրա փեշերի վրա փռվում էր, ննջում ու երբ բեզարում էր ննջելուց, թաթերով կծիկի հետ խաղում էր։ Իսկ Զանու աչքերը հոգնում էին ճաղերին նայելուց և գլուխը կախ էր գցում կրծքին։

Եթե պարտեզի դռնակը բացվեր, կամ մի հարևան տուն գար, Զանին տեղից վեր էր կենում, փեշերը թափ տալիս ու բարկանում կատվի վրա․

− Ծիծ ուտող երեխի պես փեշիցս կա՛խ ընկի։

Եվ աչքերը տրորելով մոտենում էր եկողին, բարի ժպիտով ասում․

− Էս նինջը որտեղից եկավ, հաղթեց ինձ։

Երբեմն էլ ինքն էր գնում պարտեզ։ Երկուսով նստում էին վարունգի թաղի մոտ, Ունանը չիբուխն էր լցնում, իսկ Զանին գուլպայի մատերը խաղին հագցնելով, զրույց էին անում։ Զարմանալի սեր ու հաշտություն կար նրանց միջև։ Երբ պառավի աչքովն էր ընկնում ամուսնու մաշված արմունկը, զրույցը կիսատ թողնելով ասում էր․

− Իրիկունը մի քիչ շուտ պառկիր, լուսով էդ արմունկդ կարկատեմ․․․ ճրագի տակ աչքս չի տեսնում, որ ասեղը թելեմ։

− Դու էլ շատ մի գուլպա անի։ Տուր թող Մեժլումի հարսերն անեն․․․

Բայց և այնպես իրիկունը նա մի քիչ կանուխ էր պառկում, իսկ Զանին կովը կթելուց հետո կարկատում էր արխալուղի մաշված արմունկը։

Ինչպես ճնճղուկների կայտառ երամը կհարձակվի կեռասենու վրա, այնպես էլ դպրոցական ընկերների իր խմբով Առուշանը երբ տուն էր գալիս, մայրը չէր թոնթորում, եթե նրանց ոտնաձայնից հավ ու թուխսը իրար էին անցնում, կչկչում, թռնում պատուհանի ու ցանկապատի վրա, եթե երեխաները ձեռք էին տալիս բակի ու սրահի իրերին, գցում, նույնիսկ կոտրում։ Սրտաշարժ համբերատարությամբ պառավը կռանում էր և գետնից հավաքում թղթի, փայտի կտորտանքը, որ բերում էին նրանք