Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/325

Այս էջը հաստատված է

իրենց հետ։ Եթե պարտեզ էլ գնային, Զանին գիտեր, որ ալևորը չի տրտնջալու։ Ու միայն նրանց հետևից կանչում էր.

− Երեխեք, սոխի մարգերը կոխ չտաք...

Օրերն իրենց խաղաղ ընթացքը փոխում էին, երբ դարբասի երկաթե կոչնակը ծեծում էին և մի ձեռք մեկնում էր ծրարը։ Ռուշանը եթե տանն էր լինում, ամենից առաջ նա էր վազում և նամակը վերցնում։

− Անտոնիցն է... տես ինչ մեծ-մեծ է գրել։ Վաղոն էսպես չի գրում, նրանը իսկի մեր ուսուցիչն էլ չի կարդա...

Պարտեզի դռնակը բացվում էր և Ունանը բահը ձեռքին մտնում էր։

− Բահն ո՞ւր ես բերում։ Անտոնն է գրել... Քոռանամ, էս նրա ձեռքն է։

Ունանը դողդողալով ծրարը բաց էր անում, մինչև Ռուշանը նրա թելով կապկպած, մի ապակին ճաքած ակնոցը տնից բերեր։ Ծրարը բացելուց հետո մատները դողում էին, երբ հանում էր նամակը, ակնոցը հագցնում քթին, գիրկապ անում։ Ռուշանը վիզը մեկնում էր, աչքը գցում նամակին, բարձր կանչով նա ընդհատում էր ընթերցումը, եթե հայրը սխալ էր կարդում։

«․․․Իմ աշխատանքին եմ, նույն քաղաքում։ Հետևեք Ռուշանը լավ սովորի։ Եթե արձակուրդ ստացա, կգամ ձեզ մոտ կարճ ժամանակով․․․ Վաղոն Մոսկվա է, նրան նշանակել են պոլկի կոմիսար։ Նանի գուլպեքը ստացել եմ, ինչո՞ւ ես չարչարվել, էստեղ էլ կա... մնամ...»։

Ու նամակը կարդալուց հետո Զանին պիտի առներ, նայեր, աչքերը պիտի ջրակալեին։

− Ի՞նչ ասեմ Բաբի Օհանին... Մեզ խավար թողաց։ Բա գիր չիմանա՞ս․․․

Եվ նա դեռ երկար պիտի նայեր անհասկանալի գործին, նշաններին, պիտի լարեր տեսողությունը և փնտրեր այնպիսի բան, որ միայն ինքը կարող էր տեսնել։

Ապա հանում էր Անտոնի պատից կախված նկարը, սրբում փեշով, թեկուզ ապակին պլպլում էր։ Երբեմն նա մեղմ երգում էր, եղունգով քերում շրջանակի վրայի աղտոտ բծերը։ Անտոնի նկարը տեղը կախելուց հետո մեծ որդու՝ Վաղոյի նկարն էր վերցնում։ Նրան նայելուց Զանու դեմքի արտահայտությունը փոխվում էր։ Վաղոն ավելի կանուխ էր գնացել, մոր հիշողության մեջ որդու շատ հետքեր ավերվել էին ու միշտ մրմռում էր հին վերքի սպին։

Ոչ միայն այդ երեկո, այլև մյուս օրերը խոսակցությունը նամակի շուրջն էր։ Պատահում էր, մանավանդ Զանու խնդրանքով, որ Ունանը նամակը սնդուկից հանում էր ու մի անգամ էլ կարդում։ Այդ երեկո նրանք