Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/328

Այս էջը հաստատված է

Կառքը դարբասի մոտ կանգնեց։ Ներս մտավ հաղթանդամ մի տղամարդ ու ներս մտնելով դիպավ դարբասի դռներին, կոչնակը թույլ զարկեց: Նա գրկեց Զանուն, պառավի ոտքերը գետնից կտրվեցին։ Անտոնի աչքին մայրն ավելի փոքրացած երևաց, սմքած ու թեթև բմբուլի նման գրկեց վեր բարձրացրեց։

− Նանի, ո՞նց ես...− մոր դողացող շրթունքների համբույրը չոր տերևի նման հպվեց որդու այտին։ Զանին մի վայրկյան աչքերը փակեց և մանկան նման գլուխը հենեց Անտոնի կրծքին։ Ու հանկարծ արցունքը կաթեց.

− Նանի՛...

− Հա, քեզ մատաղ,− իսկ մայրը մեղմ ժպտում էր։

Անտոնի աչքին հոր տունը փոքրացած ու ցածրիկ երևաց, սանդուղքները բարակ ու մաշված։ Ու մտածեց,− կդիմանա՞ն, եթե բարձրանա սրահը։

Հարևանները հավաքվեցին։ Ռուշանը հոլի նման ֆռռում էր, մեկ փողոց դուրս վազում, մեկ տուն, նորից մոտենում եղբորը, վազում ու նրա իրերը տնտղում։

− Օ՜... Մեժլում ապի... պառավել ես...

− Է՜հ, այ որդի... Աչքերիցս եմ խեղճ, թե չէ կռներումս հլա ուժ կա։

Անտոնը նրա թևը բռնեց, մտավ ու բարձրացրեց սանդուղքով։ Ունանը հետևեց նրանց։ Բարձրացան և ուրիշները։ Հայրը զարմացած լսում էր: Մի՞թե դեռ հիշում է որսորդ Ավուն... Հարցնում է թե բժիշկը քանի՞ անգամ է գյուղ գալիս, ի՞նչպես են ցորենը մաքրում... մաշինից է հարցնում։

− Ապի, բա ե՞րբ են բերելու լույսը,− հարցրեց Անտոնը։

− Ինչը՞,– և ավելի մոտեցավ նրան։

− Էլեկտրականը, էն, որ ձորումը շինում են...

− Եսիմ ինչ են շինում ձորումը... Ո՞վ է էնտեղեք գնացողը,– սրտնեղած պատասխանեց հայրը։ Որտեղից գիտեր նա... Հիմա երևի մտքում հանդիմանում է հորը, թե ես հեռու քաղաքում եմ ապրում, բայց գիտեմ, թե ձորում ի՞նչ են շինում... Ինքը նրան իր նամակում այդ մասին ոչինչ չի գրել։

Զանին ներս ու դուրս էր անում։ Երբեմն կանգնում էր որդու մոտ, թեկուզ մտքում թեյ դնելու հույսն էր, կամ մի այլ գործ։ Եթե Անտոնը նրան էր դառնում իր հարցով, Զանին բարակ, դողացող ձայնով պատասխանում էր, ավելացնելով. «Հա՜, քեզ մատաղ...»։ Մեժլումի հարսը չլիներ, նա երևի շատ կփնտրեր շաքարամանը։