Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/33

Այս էջը հաստատված է

չես կարողանում որոշել՝ ծեր է Ավին, թե դեռ երիտասարդ, որտեղից է գալիս նրա ձայնը, գուցե մարդ չէ, այլ խրտվիլակ, գուցե չուխայի տակ կմախք է և ոչ միս ու մարմին։

Սակայն նրա ձեռքերին միս կա և մաշկ, մատները վարժ շարժումներ են անում, և երբ Մթնաձորի անուն են տալիս, երևում է, որ ատամներն ավելի է դուրս գցում, կոկորդից ընդհատ ձայներ է հանում։

Ու չգիտես՝ զայրանո՞ւմ է, թե ժպտում հին որսորդը…


ՎԱՆԴՈՒՆՑ ԲԱԴԻՆ

Գյուղում բոլորն էլ ճանաչում էին Վանդունց Բադուն, գիտեին, որ նրա տունը վերի հանդը տանող ճամփի վրա է, ջաղացներին չհասած, Աթանանց մեծ ընկուզենու մոտ։

Բադին գյուղի տավարածն էր։ Ամենից կանուխ նա էր զարթնում, նրա ձայնն էր հնչում գյուղի փողոցներում։

- Տավարը տարա հե՜յ, ա՜ խալխը, ետանաք ոչ…

Գյուղացիք այնքան էին վարժ նրա կանչին, որքան աքլորի կանչին։ Շատ անգամ ժամանակ որոշելու համար ասում էին, թե՝ - Բադին հալա տավարը տարել չէր, որ ես հանդումն էի,— կամ թե՝

- Հենց Բադին մի բերան կանչեց թե չէ, վեր թռա տեղից։

Բադին ինքն էլ չէր հիշում, թե քանի տարվա տավարած էր։ Նա հենց այն գիտեր, որ խոլերի տարին իրեն զինվոր էին կանչել, մնացել էր գյուղում։ Այն ժամանակ Աթանանց ընկուզենու մոտ ջաղաց դեռ չկար։

Ոչ ոք գյուղի հանդն ու սարը Բադուց լավ չգիտեր։ Անթիվ անգամ նա չափչփել էր նախրի հետ սար ու ձոր։ Նախիրն էլ էր չավ ճանաչում, գիտեր, թե այա կովն ումն է, թե չալ կովը երբ է սուբահ մնացել, քանի ծին ունի, թե Քարամենց եզան պոզն ինչու է կոտրած։

Ամեն անգամ նախիրը գյուղից քշելիս հերիք էր մի անգամ նայեր, որ կարողանար որոշել, թե նախրից որ կովն է պակաս։

Երբ երեկոյան նախիրը գյուղ էր դառնում, աղբյուրի մոտով անցնելիս Բադին էր, որ հարս ու աղջիկներին կշտամբում էր, թե՝

- Պղնձաքարի սարում ավելուկը կանաչել ա, Սանդ աղբյուրի մոտ մոշը հասել…

Նախիրը գյուղում ցրելուց հետո, իրիկնապահին, Բադին փայտին հենած մեկ էլ ետ էր դառնում տուն, Աթանանց մեծ ընկուզենու մոտ։

Տանը կինն էր և միակ որդին, որ հասնում էր ջահել տունկի պես։