Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/332

Այս էջը հաստատված է

Ունանն էլ պառկեց։ Միտք էր անում ծերունին, թե էս ի՞նչ մարդիկ են... Չհարցրեց, թե բաղը ոնց է, ծառերը, հողը... Տան ապրուստի, մուլքի կողմանից... ոնց որ մի ղոնաղ։ Իսկ փոքրուց էդպես չէր։ Ոնց փոխվեց, հը՞... Ծառերն ում պիտի մնան,− ու նրա միտքն արթնացավ ծանոթ ճանապարհով, դռնակը բաց արեց,– ջրի բանդը պիտի կալնել... Անտեր շները գալիս են լոբու մարգերը կոխ տալի...

Պառավը ճրագի տեղը փոխեց։ Աչքը դարձյալ ընկավ Անտոնին, անխռով քնել էր։ Ու շա՜տ մաշված, այտերը փոս ընկած թվաց նրա աչքին Անտոնի հոգնած դեմքը։ Մայրը կամաց հառաչեց, կռացավ նրա կոշիկներին նայեց, գոգնոցի ծայրով փոշին սրբեց։− Վաղոն պսակվել է։ Շրջանակի միջից մի զույգ աչքեր նայում էին մորը։ Իր ասածը չեղավ... Է՜, ինչ թաքուն մտքեր ուներ Զանին անդրանիկ որդու հարսանիքի հետ կապված։

Ճրագը ձեռքին մայրը մոտեցավ Ռուշանի վերմակը շտկի, ամեն օրվա պես։ Ռուշանը քնաթաթախ աչքերը բաց արեց ու ծոր տվեց...

− Հիմա հո չեմ գը-նո՜ւմ... որ մեծանամ, էն ժամանա՜...

Մայրը կռացավ, ճակատը համբուրեց ու ականջին շշնջաց.

− Բա ե՞ս, բալիկ...

− Դու ապորը մոտ մնա... էնքան համա...− խոսքը թերի մնաց, աչքերը փակվեցին։

Մայրը մի պահ նայեց նրան։ Ճրագը ձեռքում դողում էր։ Երեխան քնի մեջ ժպտաց։ Եվ անլուծելի առեղծված դարձավ այդ ժպիտը մոր համար։

Զանին ճրագը հանգցրեց։

1929

ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ ԸՆԿՈՒԶԵՆԻՆԵՐԸ

1919 թվի ձմեռը, Շուղանց քարատակը, որ հիսուն տարուց ավելի հարդանոց էր, նորից դարձավ գյուղի հավաքատեղին։ Ծերունիները պատմում էին, որ նույնիսկ օսմանլուի մեծ կռվի տարին այդքան մարդ չէր հավաքվում այդ քարանձավի մեջ։ Շուղանց քարատակն այժմ օդա չէր, ինչպես հիսուն տարի առաջ, այլ շտաբ, բազար և մինչև անգամ կլուբ, ինչպես անվանում էր Բալթա Թիվին, որը Բաքվում խոհարար էր եղել և հետը գյուղ էր բերել արծաթ գդալներ, ճենապակե գավաթներ և