Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/333

Այս էջը հաստատված է

ափսեներ, որոնց մեջ նրա ընտանիքն ուտում էր ձավարով հիլաթ, անխեն շորվա և խաշած ոսպ՝ այլ անունով աղքատի փլավ։

քարանձավի այդ բոլոր անունները՝ շտաբ, բազար և մինչև անգամ կլուբ,− ունեին իրենց հիմքը։ Շուղանց նախկին հարդանոցում պատերազմական գործի հանճարեղ ղեկավարներ կային, որոնք քարայրի հատակին չիբուխի կոթսվ խազում էին լեռնաշղթաներ, ձորեր և խոր գետեր, ապա այդ խազերի ցանցում տեղավորվում էին շողշողուն քարեր՝ որ փոխարինում էին Նժդեհի ձիավոր խմբերին, պղնձադրամ՝ Դալի Ղարդաշի տղաների տեղ, ճաքած կոճակ՝ Կտետ կապիտանի զորամասի կամ, ինչպես անվանում էին՝ «տրեխավոր բատալիոնի» տեղ։ Աթա ապոր բռնոթամանը միշտ նշանակում էր Խանլար փաշայի դիվիզիան, իսկ նրա հոնի կորիզներից «տեր ողորմյա»-ն մուսավաթի բանակն էր։ Երբ Աթա ապերը գրպանից հանում էր «տեր ողորմյա»-ն և փռում մի խազի վրա, միշտ նույն խոսքն էր ասում.

− Ա քեզ մատաղ, էս մեր թուրքերը հի՜նչ են ուզում մեր ձորերից: Ախր հի՞նչ կա էս ցամաք ձորերում:

Եվ այդ խոսքերից հետո սկսվում էր զինվորական խորհուրդը, որին մասնակցում էին Աթա ապերը, Քոլուն Բագին, Չետանց Վանեսը և Ջանջալ Մանգուն Կլիբոն, խորհրդական ունենալով զինվորների, որոնք արևմտյան ֆրոնտում («գերմանու փռոնթ»− ինչպես ասում էր Աթա ապերը) թողել էին ոտքը կամ թևը: Այդ խորհուրդն էր քարատակը դարձրել շտաբ, որի աշխատանքին, եթե կարելի է այդպես ասել, երբեմն մասնակցում էին ուրիշները, երբ նոր լուր էին ստանում իրական ռազմաճակատից և կամ եթե Աթա ապերը կռվի էր բռնվում Չետանց Վանեսի հետ և քարանձավի մեջ ահարկու որոտում էր նրա ձայնը.

− Ես իմ հոր ատան չլինեմ, եթե Խանլար փաշայի զորքը Դրնգանի ձորով անց կենա... Գայլի սիրտ կերած պիտի լինես, որ արևով մտնես էն ձորը։ Ինչո՞ւ, չե՞ս հիշում,– և Աթա ապերը բոթում էր ջրաղացպանին, որը տեղը տաքացրել և ննջում էր, ինչպես եթե աղմկող ջրաղացում լիներ, իր հին ջրաղացում, որի դուռն ինչքան ժամանակ է փակ էր, որովհետև ով մի պարկ կորեկ ուներ, գերադասում էր սանդի մեջ ծեծել,− չե՞ս հիշում Դրնգանի ձորը,– և Աթա ապերը բոթում էր ալևոր ջրաղացպանին, որը չէր հիշում Դրնգանի ձորը, այլ հիշում էր միայն ջրաղացի ընկուզենիները...

Աթա ապերը, ընդհատելով ռազմական խորհրդածությունները, պատմում էր, թե ինչպես մի տարի ինքը և ջրաղացպանն ուլարած տղաներ էին, ուլերը տարան Դրնգանի կողմերը, ուլերը մտան Դրնգանի ձորը...

Ի՜նչ ձոր, ի՜նչ ահի ձոր...