Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/335

Այս էջը հաստատված է

տղա՝ «քոլիշ», ինչպես Զանգեզուրում ասում են այն աստղով մանուկներին, որոնք անարատ սպիտակ են, ինչպես գառան վեգը։

Ծնվում էր Մանգասարի «քոլիշ» տղան և հետը բերում էր անխուսափելին՝ կնունքը։ Եվ էշի նոր փորքաշը նա հանում էր ծալքատեղից, փոխարենը տուն էր բերում մի փարչ Նորսի գինի:

Այս և այսպիսի առևտուր էին անում քարատակի բազարում ամենքի ներկայությամբ և երբեմն մի բահի կոթի վրա քարանձավում աղմուկը թնդում էր, կարծես Աթա ապերը Չետան Վանեսին լեզվակոխ էր արել Խանլար փաշայի զորքի և Դրնգանի ահավոր ձորի համար։

Իսկ եթե ոմանց համար քարատակը նաև կլուբ էր, ապա այդ ոմանց մեջ առաջինը Բալթա Թիվին էր, որը և հեղինակն էր քարատակի այդ անվան։ Բալթա Թիվին ամենևին չէր խառնվում զինվորական խորհրդի կամ Աթա ապոր շտաբի նիստերին։ նա այն կարծիքին էր, որ այդ ահագին պատերազմը ոչինչ բան էր, միաժամանակ համամիտ էր, որ Դրնգանի ձորը Խանլար փաշայի ճաշը չի։ Նրա կարծիքով ռուսները շուտով պիտի սուփրան գցեն և այն ժամանակ ամեն ազգ իր գդալից կուտի։ Դրանով էլ վերջանում էր Բալթա Թիվու և նրա համախոհների վերաբերմունքը Շուղանց քարատակում արծարծվող քաղաքական խնդիրներին։

Սակայն նրանք բերել էին այնպիսի սովորություն, որ քարանձավը երբեք չէր տեսել նաև հիսուն տարի առաջ, երբ դեռ հարդանոց չէր, այլ շուղանց նշանավոր տոհմի օդան էր։

Բալթա Թիվու խումբը թուղթ էր խաղում։ Քարատակի ժխորի մեջ մի կողմից հնչում էին ռազմական վեճերը, մյուս կողմն առևտուրն էր անում, երրորդ անկյունում ոչ վիճում էին և ոչ առևտուր էին անում, այլ դալլաք Իսոն Ալուն թրով թրատում էր Գլդան Գոգու վեսուտը[1] և պատմում էր Զնդան Ավթանդիլի կռիվներից,− քարատակի ժխորի մեջ լսվում էին և այսպիսի բացականչություններ.

− Շամաթայ բալթայ... Պրիբոր չտա՜ս... էս փոսիկի բիբին, էս էլ կավալերը... Խռա՛փ, բաջօղլի։ Չերվոննի տետ դյու շան տրեզ... Ինքն էլ իսկական պերսոն...– և հանկարծ Բալթա Թիվին հաջողակ խաղաթղթերը զարկում էր գետնով, ամբողջ քարատակը լռում էր, և խոր լռության մեջ հնչում էր միայն նրա կանչը.

− Խռա՛փ, բաջօղլի...

− Անդարդը հո պոզավոր չի,– մեղմ հանդիմանում էր Աթա ապերը, և բոլորը լսում էին նրա խոսքը և լսողը հասկանում էր, թե ով է անդարդը։

Բայց չի կարելի ասել, թե քարատակ եկողն անպայման պիտի հարեր

  1. Վեսի− մացառ, փուշ: