Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/34

Այս էջը հաստատված է


Բադու կինը, իր պես զառամած մի պառավ, ընթրիք եփելու ժամանակը գիտեր։ Տարիների ընթացքում ամեն ինչ ամեն օր կրկնվել էր այնքան նման իրար, որ շարժումները մեքենայացել էին։

Երբ անիվի պես ճռնչում էր դուռը, և ներս էր մտնում Բադին, մահակը դնում շեմքին ու հարցնում կնոջը.

− Հաթամի աղջիկ, հորթին ջրե՞լ ես...

Հաթամի աղջիկը իր կինն էր. հնուց սովորույթ ուներ նա կնոջն այդպես կանչելու։ Այդ սովորույթը մնացել էր այնպես հաստատ, ինչպես հարևան հաստաբուն ընկուզենին։

Հաթամի աղջկա պատասխանն էլ միշտ նույնն էր․

− Բա չե՜մ ջրել...

Հետո Բադին բեզարած մարդու տնքոցով շեմքի մոտ տրեխներն էր հանում, թափ տալիս և շտկում առավոտվա համար։ Իսկ կինը օջախին էր նայում կամ ճրագի պատրույգը շտկում և մաքուր ավլած գետնին փռում թաղիքը հնամաշ։

Ապա համեստ ընթրիք՝ պանիր-հաց, եթե լիներ՝ տաք կերակուր, հանդից բերած կանաչեղեն, երբեմն էլ հարևանի ուղարկած մի ազիզ կերակուր, որ տարին մի անգամ կեփվեր Բադու օջախում։

Բադու որդին՝ Հաբուդը, հասել էր այնքան, որ օգնում էր հորը։ Սակայն Բադին չէր ուզում, որ Հաբուդը հոր փեշակը սովորի։

− Թող գրաճանաչ լինի, որ հետո գերեզմանս չանիծի։

− Կմեծանա, կպսակեմ, տուն ու տեղի կլինի, մի փեշակի ծայր կբռնի, հացի կտիրանա։ Ես էլ ծերության օրերում իր ջրերն ընկած կապրեմ, ոտքերս կդինջանան սար ու քոլ չափելուց։

* * *

Նահապետական վարք ու բարք ուներ Բադին, միամիտ էր և արդար։ Նա ուզում էր, որ իր որդին էլ այդ ճամփով գնա, հյուրասեր լինի, ադաթ սիրող, մեծին հարգող, գյուղամիջում շենք-շնորհքով մի մարդ։

Մի անգամ էլ հանդում, մի զրույցից հետո, Հաբուդը հորը հարց տվավ, թե՝

− Ապեր, էդ ինչի՞ց ա, որ մեր նախրում Իսանանք ինը կով ունեն, իսկ մենք մի կով։

Բադին ժպտաց քթի տակ։

− Բա դու նրանց թայ մա՞րդ ես։ Հերդ մի տավարած, իսկ Իսանանց