Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/340

Այս էջը հաստատված է

− Իսոյին ի՛նչ...Եզ էլ կմորթի, գոմեշ էլ կմորթի։ Իսոն կանի։

− Դու ինչո՞ւ չես մորթում... Քո տավարն Իսոլից շատ, մի բեռ գարի էլ ավել,− անհայտ է թե ինչու, առաջինի վրա հարձակվում էր մի ուրիշ, որը քարանձավի մթնում մինչ այդ չէր երևում։ Նա Իսոյի ազգակա՞նն էր և առաջին թշնամին, թե՞ բաժին էր ակնկալում Իսոյի մորթելիք եզից, մութ էր և միայն ներկաները մտաբերում էին, որ խոսողի փոքր երեխան երեք օր է կապտած ընկած է և ինչպես կանայք էին ասել, մնացել է երեխայի կաշին և ոսկորը։

− Ա՜յ ժողովուրդ, ես պակաս խոսք հո չասացի, որ էն մարդը տեղի էքվեց...

− Ես քո մտքինը լավ գիտեմ,– և մթնիր դուրս էր գալիս դեղնած երեսով մի մարդ, որի նույնպես կաշին և ոսկորն էր մնացել։

− Մտքինդ լավ գիտեմ... Եզներդ ուղարկել ես աներոջդ տունը, երեխեքդ կուշտ, էգուց էլ վար ես գնալու ուրախ-ուրախ, իսկ Իսոն ձեռքը ծոցում պիտի մնա,− նրա աչքերը վառվում էին մթնի մեջ։− Պա՛հի, պինդ պահի, քո երեխի արյունն իմից կարմիր է, չէ՛...

Ներկաներն ուզում են նրան հանգստացնել։ Նրանք գիտեն, որ խոսողն այն խեղճ մարդը չէ, այլ սովից գազազած նրա ոգին։ Իսկ նա բորբոքվելով հետզհետե բարձրացնում է ձայնը, հայհոյում՝ անհայա է թե ում մեռել-կենդանը և ձայնը մինչև վերջ խզելով դարս է թռչում, կարծես քարից իրեն գցեց անդունդը։

Այդպիսի ժամանակ մարդիկ քարատակում լռում էին և նույնիսկ Բալթա Թիվին էլ չէր խաղում։ Մարդիկ իրար էին նայում․ նրանց դեմքերը համր էին և մռայլ, ինչպես քարանձավի պատերը։

Աթա ապերն առաջինն էր խոսում․

− Ժողովուրդ, հապա էն խելագարն ո՞վ էր, մեր տղան չէ՞ր... Ուրեմն թողնենք, որ նրա երեխան մեռնի։ Ուրեմն մենք մեռած պիտի լինենք, որ մեր երեխան սովից մեռնի։

− Ինչ անենք է՜, Աթա ապեր, ինչ անենք...

− Ում տանը մի բուռ կորեկ կա, թող նրա տունը կրակ ընկնի․․․

− Լավն էն չէ՞ր, որ սրով կոտորվեինք։

− Մենք սրով չենք կոտորվել, սովից էլ չենք կոտորվի։ Ուրեմն արար աշխարհը պիտի մթնի, որ մենք սովից կոտորվենք։ Առաջ էլ է սով եղել, պատերազմ է եղել, ինչպե՜ս են ապրել մեր պապերը։ Ողորմի իրեն, իմ Օհան պապին, մի պինդ սովի ժամանակ գալիս է տեսնում ժողովուրդը տավարի նման արածում է, իրա հերն էլ ցորենի հորը բաց է արել, թաջիրներին ցորեն է ծախում՝ սոմաբը մի աբասի։ Մահակը վեր է առնում