Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/341

Այս էջը հաստատված է

իմ Օհան պապին, թաջիրներին տո՛ւր թե կտաս, էն օրն է գցում, որ եկած ճանապարհը մոռանում են։

− Այ թե հա՜․․․

− Ողորմի Օհան պապին,− սրտի խորքից գոհ կանչում էր ունկնդիրներից մեկը, կարծես անհայտ թաջիրները նրա թշնամիներն են և ինքն էլ մասնակցել է ծեծին։

− Հա՛, Օհան պապին ցորենը ետ է ածում հորերի մեջ և հորն ասում է՝ վե՛ր կաց, հիմա ես պիտի չափեմ։ Նստում է հորի բերանին, ժողովուրդին կանչում է, որին մի կոտ, որին երկու, լցնում է պարկերը, թե շահով կարգով ետ կբերեք, երբ ունենաք։

− Ա՜յ արդար դատաստան...

− Առաջ էլ սով է եղել, հապա ո՞նց են արել․․․

− Ո՞ւր է հիմա Օհան պապի, ո՜ւր էն ժամանակի հորերը... Աշխարհի վերջն եկել է, Աթա, զուր հենց մենք ենք չարչարվում,− ասում էր Չետանց Վանեսը, որ շտաբի անդամ եղած ժամանակ էլ կարծում էր, թե Խանլար փաշան Դրնգանի ձորով կանցնի և այդ անխուսափելի համարելով՝ առաջարկել էր գյուղը վաղօրոք տեղահանել Մեղրաքերծի անտառը։

− Հորեր շա՜տ... դու հանելն ասա, Աթամի...

1920 թվի սկզբին դիրքերից տուն էին վերադարձել այն զինվորները, որոնք կազմում էին ինքնապաշտպանության կանոնավոր զորամասերը, վերադարձել էին նաև նրանք, որոնք պարտադիր զինվորական ծառայության մեջ չէին, այլ Զանգեզուրի զինված ուժերի հրամանատարի առաջին հրամանին պարտավոր էին «իրենց հացով և ջրով» բարձրանալ լեռները և դիրք պահել գյուղերին մոտիկ։ Նրանց մեծ մասը արևմտյան ֆրոնտում մասնակցել էին այնպիսի պատերազմների, որոնց համեմատությամբ տեղական կռիվները սոսկ «գլխացավանք» էին։ Առաջիններից էր կազմված «տրեխավոր բատալիոնը», իսկ երկրորդներն ունեին իրենց յուրահատուկ կարգը, որ նմանվում էր քրդական աշիրեթին, «բառկաչո»[1] և բոլորը բարձում էին քոչը, այսինքն՝ մի քանի օրվա պաշար մեջքերին բարձրանում էին լեռները։

Այդ զինվորներից ոմանք երևում էին նաև Շուղանց քարատակում, թեև նրանք գերադասում էին հավաքվել ընկերներից մեկի տանը, այդ տունը վերածելով զորանոցի։ Քարատակ մտնելով, նրանք բերում էին ոչ միայն շինելի և սապոգների հոտ, այլև մասնակցում էին գյուղացիների

  1. Բառկաչո- քոչը բարձելու հրաման՝ քրդերեն։