Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/343

Այս էջը հաստատված է

− Ժողովրդի թշնամիների հոգեառը,− և Անդոն իսկույն թաքնվեց հարևանի հետևը, որովհետև Աթա ապերը գլխի ընկնելով, որ Անդոն կապ գցեց, ձեռքը մեկնեց մահակին։

Ժողովուրդը քրքջաց։

− Անդո տղա, հալբաթ ձեռքս կընկնես... Հո չեմ վախելու քո խշտիկից։ Ես իսկի Ալխազով պրիստավից չեմ վախեցել։ Կամիսարին ասեմ էդ փափուկ տեղերիդ մի տասը ճիպոտ տա, որ իմանաս, թե ճանապարհը որն է... Աչքերդ հենց պատրաստի վրան է։ Աշխատեք է՜, դուք էլ աշխատեք, Մելքումովների նման դիզեք։ Էս էլ դառավ էն բունթի տարին։ Մի քանի ջահել եկան ժողովուրդին խելքահան արին, իրար մսի գցեցին, հետո էլ թողին փախան։ Չէ՛, ճանապարհն էդ չի...

− Ասա է, խոսքդ ասա, Աթա ապեր,− և ծերունին հանդարտվում էր։

− Իմ խոսքս նա է, որ էլի մենք իրար ցավ կիմանանք։ Սրտից սիրտ մի բարակ կամուրջ է, էն է մարդու մարդ դարձնողը։ Էն էլ որ չլինի, գետը թող քշի տանի մարդուն։ Էն որ կռունկը թուխպի մեջ ցրիվ է գալիս, լսե՞լ եք, ոնց են իրար կանչում ու մինն էլ է չի կորչում։ Ուրեմն մենք էն երկնային թռչունի չափ էլ չկա՞նք... Իրար ձեռք բռնեցեք, մինչի դուրս գանք էս դժվար տարին։ Իմ խոսքս սա է...

Եվ Աթա ապերը տուն էր գնում, առնում էր մի բուռ ձավար, մաշ, չորաթան,− ինչից որ տանը ճարվեր, շատ անգամ թոռներից ծածուկ, ուղարկում էր այն տունը, որտեղ մի երեխա կապտած նվում էր և նման էր չոր պարկի, որի մեջ ոսկորներ են լցրել։

Այն դժվար ձմեռը Աթա ապերը ձյունի մեջ գլորվելով բարձրանում էր հին եկեղեցու թաղը, նա երևում էր Միջին մահլայում, գնում էր այն աղքատ թաղը, որ հայտնի էր Մոխրաթաղ անունով։ Նա դրացիներին համոզում էր իրար օգնել, ստիպում էր, հանդիմանում էր հրապարակով և ավելի հաճախ հուսադրում էր.

− Հրե հա՜... Մեղրաքերծը կարմրեց։ Էսօր Վերին թաղում ասում էին, որ Եղցաքար ձյուն չկա։ Դիմացեք հա՜, ձեզ մատաղ, շատը գնացել է, մնացել է քիչը։ Եղցաքարում որ ձյուն չկա, ուրեմն էսօր էգուց Միջնառի հանդերը կբացվեն, Եզնարածի առվի տակ դաղձ կլինի, ի՜նչ դաղձ... Քիչ է մնացել, Աթա ապերը ձեզ մատաղ։ Մանր մունրին մի կերպ արեք, դուք էլ գոտիներդ պնդացրեք... Դուք որ քարից կակուղ ամեն ինչ կուտեք, կապրեք, ձեր ոսկորը պինդ է։ Երեխաներին նայեք... Էսօր էգուց ճանապարհները կբացվեն, էշերը առաջ կանենք, կգնանք Բարկուշատ, է՜, Աթա ապերը ճանանչ թուրքեր ուներ, որ ամեն մինը մի խան, մի սուլթան։ Հիմա հարյուր ուղտաբեռ բրինձ են դարսել...