Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/346

Այս էջը հաստատված է

ես ի՞նչ պատասխան տամ խալխին։ Առաջից սուր, հետևից սով. ձեռքդ պարանի ես գցում, օձ է դառնում։ Ո՞ւր պիտի գնա էս ժողովուրդը․ վերևից կամիսարն է մեր գլխին կրակ թափում, ներքևից էս կրակն է մեզ խորովում։ Ասա է՜, ասա...

Ջրածտերն ուրախ ճկում էին, խաղացնելով պոչը։ Ուրիշ ծառից թռավ մի ագռավ և առաջինից խլեց նրա ուտելիքը։ Ապա երկուսն էլ թևերին արած թռան ծառերի խորքը։ Եվ ուրիշ էլ ձայն չկար, բացի այն խորհրդավոր ձայները, որ գալիս էին Խուռուփի քարանձավներից։

Աթա ապերն սկսեց ձորով բարձրանալ։ Ձորի արևկող լանջերին ձյուն չկար։ Երևում էին աշնանացան գարու արտերը, փոքր այնքան, որ թթենու ստվերը ծածկում էր արտը։

Աթա ապերը կանգնեց մի արտի եզրին։

− Ե՜րբ պիտի հասնես... Ախր մի տնից զույգ դագաղ հանեցինք...

Նա դուրս եկավ բլուրի գագաթը։ Վերևը դեռ թանձր ձյուն էր։ Աթա ապերը շրջվեց և այդպես էլ կանգնած մնաց, կարծես այն, ինչ նրա աչքին ընկավ, ծերունին տեսնում էր առաջին անգամ։

Հեռվում գետահովտի վրա փռվել էր քաղաքը։ Թիթեղյա կտուրները մայրամուտի արևից փայլփլում էին և այդ փայլը տարածվում էր հեռու, ընդարձակելով քաղաքի սահմանները։ Այդ փայլուն դաշտում, ինչպես ցորենի դեղին շեղջ, երևում էր եկեղեցու ոսկեզօծ գմբեթը։ Եվ ուրիշ ոչինչ չէր երևում և չէր որոշվում մի առանձին ձայն այն խուլ աղմուկի մեջ, որ փայլի հետ միասին քաղաքն արձակում էր դեպի հեռուները։ Մարդկա՞նց աղմուկ էր, դարբնոցների՞ց էր գալիս, թե՞ փողոցներով անցնում էին բեռնած ֆուրգոններ,− չէր լինում որոշել, ինչպես և չէր կարելի համատարած փայլի մեջ նշմարել մի որևէ տանիք։

Աթա ապերը նայեց, խոր նայեց և արագ քայլերով իջավ գյուղի վրա։ Նա նման էր անտառաբնակ եղջերուի, որ մոլորվելով դուրս է եկել անտառից, աչքն ընկել է օտարոտի մի բանի, որ շլացնում է, և՛ հմայում է, և՛ ահ է ներշնչում նրան, և եղջերուն կանգնած միտք է անում՝ ի՞նչ է այդ, թակա՞րդ, բարեկա՞մ, թե՞ դարանամուտ որսորդ... Միտք է անում և իրեն գցում է ծանոթ թավուտները։

4

Իսկ գյուղում այդ ժամանակ իրարանցում էր։

Մի խումբ զինվորներ գերեզմանատնից վերադառնալով, գյուղացիների գլուխն անցած գնացել էին դեպի Մելքումովների բարձր դարբասը։ Նրանք պահանջել էին կոմիսարին և տեղեկանալով, որ կոմիսարը բացակա