Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/348

Այս էջը հաստատված է

− Բաց արեք տարեք, ինչ ուզենաք, բայց հաց չկա...

Անդոն բանալիների կապը ետ շպրտեց և նրանից ավելի հզոր կանչեց․

− Քեզ լինի քո մաղազան... Մենք աղքատի պղինձը կողոպտող ավազակներ չենք։

Անդոյի այդ խոսքից կարող էր բռնկվել ավելին, քան խոսքի կռիվն էր, բայց այդ ժամանակ ներս թափվեցին զինվորների կանայք և մայրերը, որոնք մինչ այդ մեռելատանը դառնաղի ողբում էին մանուկների մահը։ Նրանք ներս թափվեցին, ինչպես սագերի վախեցած երամ, աղմկեցին, կախ ընկան իրենց որդիներից և ամուսիններից, աղերսեցին, լաց եղան, իսկ Անդոյի մայրը ճչաց.

− Անդո, խեղճ եմ, արյուն մի անի,− և գրկեց որդուն։

Կանայք նրանց դուրս տարան։

Աթա ապերը գյուղին մոտեցավ այն ժամանակ, երբ գյուղացիները կտուրների վրա փոքրաթիվ խմբերով աղմկում էին։ Ամբոխն, ինչպես պղտոր հեղեղ, բաժանվել էր մանր ճյուղերի, մի տեղ արդեն հանդարտվել էր, մի ուրիշ տեղ առվակը նույն աղմուկով շառաչում էր, մի երրորդը գնում էր վճիտ և ոչ ոք չէր ասի, թե նրա սկիզբը եղել է պղտոր հեղեղը։

Աթա ապերը մոտեցավ զինվորների խմբին։ Նրան արդեն պատմել էին դեպքը։

− Անդո,− և ծերունին բարձրացրեց փեշը,− իմ բաժին ցորենը տա՜ս,− ապա խիստ ասաց.− ծռի էդ ճանապարհից, ա՛յ ջահել, Աթամին հին մարդ է, գիտի ինչ է ասում...

Անդոն ոչինչ չպատասխանեց և զինվորներից ոչ ոք ոչ մի բառ չասաց։

Աթա ապերն սկսեց պատմել, թե Խուռուփի ձորում գարիներն արդեն երկու մատ բարձրացել են, թե ամբողջ ձորում համարյա ձյուն չկա և եթե այդպես արև անի, Խուռուփի ձորի գարիները շուտ կհասնեն, շատ շուտ...

Երբ ծերունին խոսքը վերջացրեց, զինվորները դարձյալ լուռ մնացին։ Այնպիսի քար լռություն էր, որ Աթա ապերը զարմացած աչքերով նայեց Անդոյին, նրա ընկերներին, կարծես այդ մարդիկ հանկարծ օտար թվացին Աթա ապորը, ինչպես ուրիշ ազգի մարդիկ, որոնք չեն հասկանում նրա լեզուն,− և ինքն էլ օտարական է ու մոլորելով ճանապարհն՝ ընկել է այս անծանոթ գյուղը։

Ծերունին նայեց չորս կողմը, կարծես ուզում էր ստուգել, թե իրար այդ մարդիկ իրենց գյուղից են և գյուղն այն ծանոթ գյուղն է՝ Շուղանց քարատակով, Նովավոր աղբյուրով և հին ջրաղացով գյուղը։

Աթա ապերը տեսավ եկեղեցու պատի տակ նստած գյուղացիներին և շտապեց նրանց պատմի ձորի գարիների մասին...