Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/349

Այս էջը հաստատված է
5

Մարտի հետ վերջացան այն արև օրերը, որ Աթա ապոր հույսն էին։ Ապրիլն եկավ պառավի ցրտով: Ամպերից թափվում էին թփերի նման բյուրեղներ։

Ապրիլի սկզբին գյուղերից ետ կանչեցին զինվորներին: Կոմիսարը ցուցակը հանձնեց նրանց ավագին և Անդոյին նայելով ասաց. «Պարապ մնալուց բուղա էիք դառել, պոզահարում էիք անմեղ մարդկանց։ Գնացեք ձեզ ֆրոնտում ցույց տվեք»։

Նորից լուրեր էին տարածվում, որ մուսավաթը Ղարաբաղում զորք է կուտակել և գարնան հետ ձորերում պիտի որոտային թնդանոթները։ «Դե միանգամից կոտորվենք վերջանանք է՜»,− ասում էին Շուղանց քարատակի մարդիկ և նույնիսկ Բալթա Թիվին այլևս թուղթ չէր խաղում, որովհետև արդեն սաղ աշխարհը տարել էր։

Շուղանց քարատակը դատարկվում էր։ Ոմանք գյուղեգյուղ շրջում էին մի կտոր հացի հոգսով, ոմանք գութանի սարքն էին նորոգում, որովհետև ինչքան էլ սովը զոռեր, նրանք այնուամենայնիվ պիտի սերմեին աշնան ցելը, թեկուզ թնդանոթի կրակի տակ։

Առաջիկա պատերազմով ոչ ոք այլևս չէր հետաքրքրվում։ Քարատակում նույնիսկ այնպիսի խոսքեր էին ասում, որ մինչ այդ ոչ ոք չէր ասել։ Նիազանց Անդրին սպառնում էր Մեղրաքերծի գլխին կախել իր ղադաք ոտնաշորը, իբրև սպիտակ դրոշ. «Կանաչ մատուռը վկա, որ պիտի թուրքանամ․․․ Պիտի թուրքանամ, որ ականջներս հանգստանան։ Իմ գեշի անունը կդնեմ Ասմար, չարսավը գլխին կքաշեմ, կդառնա նորահարս, էլ ոչ բերանի սեպերը կտեսնեմ, ոչ չեչաքար երեսը։ Կդառնա հյուրի փերի․․․»։ Նա այդ ասում էր բոլորովին լուրջ և չէր իմացվում՝ դառն հեգնանք էր նրա ասածը, թե ճշմարիտ ցանկություն։

Ծերունիների հմայքը հալչում էր։ Նրանց լսում էին, երբ պատմում էին շատ հին օրերից, երբ այնքան ցորեն կար, որ մոռանում էին հորերի քիվը և նույնիսկ մի սաստիկ ձմեռ իբր թե ցորենը ձյուների վրա շաղ են տվել թռչունների համար։

Նրանց այդ ժամանակ էին լսում, իսկ մնացած ժամանակ քարատակում աղմկում էին այն զինվորները, որոնք կազմում էին ինքնապաշտպանության զորամասեր և առաջին հրամանին պարտավոր էին դիրքեր բարձրանալ «իրենց հացով և ջրով»։

− Էսօր հարսը ասաց, որ տանը մնացել է չորս հաց...

− Հիմա որ պատրոնը տանեմ մոլլա-զասումեցի թուրքերի մեջ հացով