Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/35

Այս էջը հաստատված է

ողորմած հոգի Զաքի ապերը պատվով, կայքով մարդ էր։ Գեղը որ մի մեծավոր գար, նրանք տանը վեր կգար։ Զաքի ապերը մովրովի ժամանակ մեդալ էր ստացել։ Դե տղերքն էլ խելոք են եղել, հոր թողած մեկը երկու են արել։

Տարին բոլոր Բադի ապերը պահում էր Իսանանց ինը կովը, դրա համար ստանում մի սոմար ցորեն, երեք գրվանքա շաքար, որ իրենց չէր հերիքում, և մի քիչ էլ փող։

Հաբուդը չէր սիրում, որ հայրն ամեն մի ամիս տնետուն պտտում էր, տավարածի բաժին հավաքում կամ թե կալին, մի պարկ ուսին, ման էր գալիս կալերում և իր բաժին ցորենն առնում։ Պատվին էր դիպչում, երբ հոր տեղակ ինքն էր ընկնում դռնեդուռ հաց կամ դրամ հավաքում:

Ամեն անգամ Իսանանց խանութը մտնելիս միջնակ ախպերը մի տեսակ ծաղրով ասում էր Հաբուդին.

− Ամիսը ե՞րբ թամամեց, որ եկար,−կամ թե՝

− Քանի՞ շաբաթ ա քո ամիսը...

Երբեք Հաբուդը չէր կարողանում հաշիվը կանոնավոր ստանալ: Կամ ասում էին, թե ստանալիք չկա, կամ էլ, շատ որ համառում էր Հաբուդը, Իսանանց ախպերը բարկանում էր նրա վրա և ասում.

− Դու ինչացո՞ւ ես, հերդ կգա, նրա հետ հաշիվ կանենք:

Հաբուդը գիտեր, որ հայրը խոնարհ մարդ է, լեզուն կարճ։ Ինչ որ ասեին, համաձայն էր, մենակ թե համփա մարդկանց խաթրին չկպչեր։

− Ունևոր են, մենք էլ նրանց շվաքում կապրենք:

Այսպես էր ասում Վանդունց Բադին, ստացած կոպեկները տալիս Հաթամի աղջկան, որ պահի։ Մի օր պետք կգար, Հաբուդի հարսանիք կար, ապագայում տուն տեղ ունենալ կար։

− Հասնում ա հա՜, զատ չի մնացել,— ասում էր երբեմն Բադին իր կնոջը, ու երկուսով կարոտով նայում էին Հաբուդին:

− Թե սաղ մնամ, եկող աշունք հարսանիք եմ անելու:

Հաթամի աղջիկն ասում էր, որ գյուղում սազ աղջիկ չկա, որ պիտի հարևան գյուղից աղջիկ ուզի, տրտնջում էր, թե բան ու գործից ազատ չի լինում, որ մի գնա, տեսնի՝ ում աղջիկն է հարմար։

− Դու որ կարենաս, էս աշունք, քոչը սարովն անցնելիս մի քիչ բուրդ առ, մանեմ, համ էլ քոլքից մի ձեռք տեղաշոր կապեմ:

Երկու պառավ խելք-խելքի մտածում էին գալիքի մասին, երբ տանն աղմուկ կլինի, եկող-գնացող, խարխուլ խրճիթը կլսի մանկան ուրախ ճիչ։

Երբեմն էլ զրուցում էին, թե ինչ արհեստի դնեն Հաբուդին։ Մայրն