Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/350

Այս էջը հաստատված է

փոխեմ, պիտի ասեն ազգի դավաճան էր... Մինչև լույս էն փոքրը սովից չքնեց։

− Փոքր ասեցիր, հիշեցի,− ասում էր մի ուրիշը,− տասն օր է մեր Խաչոյի երդիկից ծուխ չի բարձրանում։ Չեմ իմանում մեռած են, թե ապրում են...

− Երեկ տեսա... Ոտքերն ուռած գնում էր։ Ասում էր հարսի ճակատանոցը տանում եմ գարով փոխեմ։

− Ասա մինչի հիմա ինչո՞ւ ես պահել ճակատանոցը։

− Դե ի՞նչ աներ։ Եզը ջրօրհնեքից առաջ մորթեց, երեք ոչխարը Սայու Սիմոնին ծախեց, խոտ ու դարման ծախեց, Խուռուփի ձորում մի քանի թթենի ուներ ծախեց, հիմա էլ ճակատանոցն է ծախում...

− Դու էդ մի ասա։ Դու ասա թե ճակատանոցի փողերն էլ որ կերան, վաղն ինչ պիտի ուտեն...

− Խաչոն մինչի հունձը չի ապրի։ Երեկ որ տեսա, ասես գետինը պատռել, մեջից մեռել էին հանել։

− Էլ կա էդպես, միայն Խաչոն չի...

Եվ պատմում էին ընտանիքների մասին, որոնք կերել էին մինչև վերջին փալասը և անկողին չունենալով քնում էին հարդի մեջ։ Պատմում էին տների մասին, որոնց եթե կրակ տայիր, խանձահոտ չէր բարձրանա, որովհետև տան մեջ այրվելու բան չկար։ Եվ դեպք էր լինում, որ մեկը լսելով պատմում էր, թե իբր հարևան գյուղում կատվի միս են կերել, բայց հենց այդ էլ սահմանն էր։ Նույնիսկ նրանք, որոնք սովամահից էին պատմում,− նույնիսկ այդպիսիները անհայտ է ինչու, հարձակվում էին այդ լուրը հաղորդողի վրա, նրան հանդիմանում էին սուտ լուրի համար և բոլորն էին վկայում, թե հարևան գյուղում խեղդամահ կլինեն, որ քարով կգցեն իրենց, բայց այդպիսի անառակ բան չեն անի։

Աթա ապերը գալիս էր տուն և քունը չէր տանում։ Պառավը մի կտոր կորեկ հաց էր մեկնում նրան, բայց ծերունին այդ էլ չէր ուտում, խաբելով, թե տեր Նորընծայի տանը ոսպով ճաշ է կերել։ Եվ երկա՜ր, շատ երկար, մինչև աքլորականչ, երբեմն մինչև լուսո մոտ, երբ արդեն ճռնչում էր հարևանի դուռը,− Աթա ապերը նստում էր օջախի առաջ, իրենց հին տանը, որի պատերն այնպես էին սևացել և կրակի լույսով այնպես էին փայլում, ասես պատերը ձյութած էին։

Օջախի առաջ Աթա ապերը միտք էր անում հին օրերից մինչև ներկան, նրան թվում էր, թե իր ամբողջ կյանքը եղել է մի արև ճանապարհ ծաղիկների մեջ, սառն աղբյուրների երկրում, որտեղ լեռնալանջին կարմրում