Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/351

Այս էջը հաստատված է

է մորին, ձորերում մոշը և երբ կովերը տուն են գալիս, կաթը ցողի նման կաթկթում է ծաղիկների վրա...

Նրան այդպես էր թվում, և երբ մտքով գնում էր Ցուրտ աղբյուրը, ման էր գալիս Շահ յուրդի տախտերում՝ աչքերի առաջ Ցուրտ աղբյուրը գլգլում էր ոչ այնպես, ինչպես առաջ... Առաջ աղբյուրը ծաղիկների մեջ չէր երևում, հիմա չորս կողմը փուշ է և Ցուրտ աղբյուրը վարար չի։ Եթե այսպես գնա քսան տարի, հիսուն տարի,− Ցուրտ աղբյուրը մի օր կցամաքի և մի մարդ չի մնա, որ վկայի, թե այս ամայի առապարում երբեմն կար մի զանգակ աղբյուր. Շահ յուրդի տախտերում ձին ձիավորով կկորչեր, այնքան խոտը բարձր էր... Հիմա այն տախտերը վարում են, հեղեղատի ձորակները հետզհետե խորանում են և ով գիտե ուր կհասնի այսպես։

Աթա ապերը երբ ուզում էր հասնել մինչև ակունքը, որտեղից ջուրը պղտորվեց,− գտնել սաբաբին, որից սկսվեց Ցուրտ աղբյուրի ցամաքելը և այլևս չկար առաջվա փարթամ խոտը,− Աթա ապերը պտտվում էր գետահովիտի շուրջը, որտեղ փռված ընկած էր քաղաքը։ Ամեն ինչ այնտեղից եկավ։ Իբրև ժայռ այդ ակունքի մոտ երևում էր ինքը՝ Օհան պապին, որ ասում էր, թե հացը եթե կշեռք տեսավ, արտերը կչորանան։ Եվ ինքը՝ Օհան պապին էր գուշակել մի մեծ պատերազմ և աով, մի ահավոր ժամանակ, երբ հայրը որդուն կուրանա, աղբյուրները կցամաքեն, գետնի շարժ կլինի և կվերջանա երկաթի թագավորությունը։

Ապա մտքով ետ էր գալիս մինչև գյուղի խառնակ առօրյան։ Մելքումովների մաղազան նա համարում էր քաղաքի կտորը, սահմանանիշ այն ձողը, որից այն կողմն արգելված էր վարել։ Գալիս կանգնում էր այդ սահմանում, որտեղից ջուրը շրջել էին ուրիշ առվով և այն հին ջուրը կորչում էր խոր ձորում։ Աթա ապերը հասնում էր այդ սահմանին և մոլորված կանգնում էր։

− Աթա, ալևորել ես,− ինքն իրեն խոսում էր ծերունին,− շատ ես ապրել, Աթա... Դու էն ժամանակ պիտի մեռնեիր, երբ ոչ կռիվ կար, ոչ սով կար։ Աչքերդ լիության մեջ կփակեիր և հիմա երկնքից քաղցր կնայեիր հողի երեսին չարչարվող մարդու որդուն... Հայը որն է, թուրքը որն է, դաշնակցականը որն է, մուսավաթը որն է,− դու չէիր իմանա։ Դու միայն կիմանայիր, որ աշխարհում թողել ես ցուրտ աղբյուրներ, ծաղկած սարեր և ախպեր մարդիկ... Շա՜տ ես ապրել, Աթա․․․