Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/352

Այս էջը հաստատված է
6

Մի գիշեր, երբ Աթա ապերը մենակ նստած հիշում էր իր ճանաչ թուրքերին, որոնց երրորդ տարին էր չէր տեսել և ոչինչ չէր լսել նրանց մասին՝ ո՞վ է մեռել, ո՞վ է մնում, − միտք էր անում, թե օրերը երբ տաքանան, պատերազմ էլ լինի, պիտի գնա Գետամեջերը, որտեղ մեծ ու փոքր նրան ճանաչում են,− և մի ձիաբեռ բրինձ կբերի,− մի այդպիսի գիշեր շունը հանկարծ կոխեց։ Մարդահաչ էր։ Աթա ապերը ականջ արեց, ոտնաձայնը լսվեց բակից, շունն ավելի սաստիկ հաչեց և մինչև Աթա ապերը ներսից կանչեր, դուռը ծեծեցին։

Ներս մտավ մի մարդ, ոտքից մինչև գլուխ սպիտակ։ Նա դուռն իր հետևից իսկույն ծածկեց, որովհետև քամին ձյունը ներս էր շպրտում։ Աթա ապերը զարմացած նայում էր անծանոթին, որը ոտքերը գետնին զարկելով թափ էր տալիս ձյունը։

− Չճանաչեցի՞ր,− հարցրեց ներս մտնողը։

− Օրուջ քիրվա՜,− և ծերունին նրան գրկած մոտեցրեց օջախին։

Ներս մտնողը Շոթանանի թուրքերից էր։ Աթա ապոր և նրա գյուղն անջատված էին բարձր լեռնաշղթայով, որ ազգամիջյան կռիվների վայրն էր։

Նրանք հին «քիրվաներ» էին։ Հայերի և թուրքերի մեջ բարեկամության այդ ձևը հին էր, այնքան հին, որքան հին էր նրանց երկիրը։ Գուցե թե դաշնի այդ ձևը գալիս է այն ժամանակներից, երբ լեռնցի խաշնարածները և դաշտի երկրագործները բարեկամ դարձան, համոզվելով, որ լեռն և դաշտի մայր երկիր են։ Նրանք բարեկամացան և այդպիսով աշխարհում հիմնվեց առաջին եղբայրությունը ոչ ըստ արյան։ «Քիրվան» եղբայր էր, թանկագին հյուր էր, նա կսկծում էր քիրվայի անբախտության համար և ուրախանում էր նրա ուրախությամբ։

Աթա ապերը աչքերին չէր հավատում։

− Էս ո՞նց, էս ձյուն ձմեռը ո՞նց անցար կրակի սահմանը․․․– Աթա ապերը երեք տարի նրան չէր տեսել.− երեխաներն ինչպե՞ս են, Ջավահիր բաջին ինչպե՞ս է...

− Դու ողջ մնաս, շատ-շատ սալամ են ուղարկել։

− Ախր ո՞նց եկար, Օրուջ։

− Աթա քիրվա, քո անունը տվեցի եկա։

− Ինչպե՞ս, ո՞ր ճանապարհով...

− Սարի ճանապարհով... Երկու օր եկա։ Գիշերը մնացի կոտրած քարվանսարայում։