Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/353

Այս էջը հաստատված է

− Էլ ո՞նց ես։

− Դո՞ւք ոնց եք, Աթա քիրվա...

− Վեր է՜, այ պառավ, վե՛ր... Մի տես ով է եկել,− և պառավը մթնում ճրագ արեց, ապա աչքերը տրորելով մոտեցավ,− Օրուջ քիրվան է՜․․․ Բա չէի ասում էլի խաղաղություն կլինի, էլի բարին կմնա։

− Ճշմարիտ խոսք է, Աթա քիրվա, այս ամենը կանցնի և սեր բարեկամությունը կմնա,− Օրուջը գրպանից չիբուխը հանեց, ապա հանեց մի փոքր կապոց,− Ջավահիր քույրդ է ուղարկել...

Աթա ապերը երեխայի նման ուրախացավ։

− Այ պառավ, մի տես է՜, մի տես ինչ բռնոթի է ուղարկել․․․ Այ շեն կենա Ջավահիրը։ Ոնց էլ չի մոռանում։ Պառավ, դե կրակը խառնի, տես ինչ կա չկա... Օրուջը սոված կլինի։

Աթա ապերն այդ խոսքն իզուր ասաց։ Պառավն արդեն կրակը խառնում էր։

− Աթա քիրվա, մի ասա տեսնեմ ո՞նց եք, եղբայրդ ո՞նց է, ձերոնք ո՞նց են... ինչպե՞ս եք ապրում։

− Է, ոնց ենք ապրում, Օրուջ,− Աթա ապերն ուզեց գանգատվի, բայց ժամանակը չհամարեց և միայն ասաց.− էս դժար ժամանակ որ ողջ ենք, էլի՛ փառք ալլահին...

− Փառք ալլահին, Աթա քիրվա, թող մեր սև օրը սա լինի։

Եվ Օրուջն սկսեց պատմել այն դառնությունները, որ երեք տարի շարունակ նրանք կրել էին լեռնաշղթայի մյուս երեսին։ Այդ դառնությունների նույն շարանն էր՝ նույն կռիվը, նույն բռնությունները, սովը, իրար նման, ինչպես լեռնաշղթանի երկու կողերը։

− Հապա Գետամեջերում բրինձ բան...− զգույշ հարցրեց ծերունին։

− Որտեղի՞ց, և ո՞վ է աղքատին բրինձ տվել... Բրինձը հավաքել են զորքի համար, ուղտերով տարել են Բաքու, լցրել են այնպիսի հորեր, որ ա՜յ,− և Օրուջը ձեռքով ցույց տվեց այնքան խոր, ասես բրինձը լցրել էին ծովի խորքը։

− Խե՜ղճ ժողովուրդ,− Աթա ապերը հայացքը դարձրեց կրակին։

Պառավը սուփրի վրա դրեց մի աման պեքի, մածուն և կորեկ հացի երկու բլիթ։ Նրանք լուռ էին։ Կրակն ուրախ աղմկում էր, ինչպես աղբյուր։

− Էս սուփրան ինձ ու քեզ, Օրուջ, ուրախ շատ է տեսել, էս անգամ էլ ուրախ սրտով ուտենք,− և Աթա ապերը մի կտոր հաց կտրեց։

− Ինշալլահ, ինշալլահ,− և նրանք ուրախ սրտով կերան պարզ ընթրիքը։