Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/355

Այս էջը հաստատված է

– Երբ քարվանը գա, Օրուջ քիրվա, իմ զուռնային մի պիպիչ[1] կուղարկես...

Երեկոյան մթնով Աթա ապերն իր բարեկամին ճանապարհ դրեց, շատ-շաա բարևներ ուղարկեց Ջավահիր քրոջը, նրանց ազգականներին և Գետամեջերի իր հին ծանոթներին։

Աթա ապերը Օրուջին պարգևեց իր մաշված ձեռնոցները, որովհետև նա պիտի սարովն անցներ և վերջին րոպեին, երբ թուրքն արդեն շեմքի մոտ էր, նրա գրպաններն ընկույզով լցրեց.

− Երեխաներին կտաս, երեխաներին...

7

Օրուջ քիրվան ինչպե՞ս ընկավ քաղաք և քաղաքի բանտը,− մինչև հիմա էլ անհայտ է։ Նրան գյուղի մո՞տ էին բռնել, թե ձորում հանդիպել էր զինվորական պահակների, որոնք հսկում էին ճանապարհների վրա և իջնում էին ձորերը։

Ապրիլի կեսերին գյուղի կոմիսարը Աթա ապորը կանչեց, հարցրեց, թե ո՞վ էր այն թուրքը, որ եղել էր նրա տանը, մենա՞կ էր, թե ուրիշ մարդ էլ կար, ի՞նչ էր ասում և ո՞ւր գնաց։ Աթա ապերը դեռ չգիտեր, որ իր քիրվան տուն չի ընկել և հասել է քաղաքի բանտը։

− Մի խեղճ մարդ էր, պարոն կոմիսար,− պատասխանել էր Աթա ապերը,− հետը ոչ ոք չկար և ինչ պիտի ասի մի մարդ, որ տանը հաց չունի և էս ցրտին անցել է սարը... Նա ի՞նչ գիտի և կամ ես ի՞նչ գիտեմ, պարոն կոմիսար։ Էս ձորերում ի՞նչ կա, որ մարդ ինչ իմանա։ Թե սով ես ասում, նրանք մեզանից խեղճ, մենք նրանցից...

− Իսկ դու չգիտե՞ս, որ թշնամու երկրից գաղտնի անցնողը կամ լրտես է, կամ...

− Ի՜նչ թշնամու երկիր, ինչ լրտես...Կարելի է որ դու չես իմանում, պարոն կոմիսար, բայց արար աշխարհն իմանում է, որ Օրուջն իմ քիրվան է, նրա տունն իմ տունն է...

− Տարիքիդ եմ խնայում, ծերուկ, թե չէ քեզ հետ ուրիշ լեզվով կխոսեի։

− Ուրիշ լեզու չեմ իմանում, պարոն կոմիսար, ես քեզ մատաղ, էս է իմ լեզուն։

Հինգ օրից հետո Աթա ապորը կանչել էին քաղաք և միայն այդտեղ էր նա իմացել, որ իր քիրվային կալանավորել են։ Ինչքան խնդրեց, աղաչեց, ծանոթների դիմեց, որ միջնորդ լինեն, բայց բան չեղավ։

  1. Լեզվակ։