Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/359

Այս էջը հաստատված է
ԿՅՈՐԵՍ
O tempora, o mores...
Օ՜ Զանգեզուր, օ՜ Կյորես...
1

Քաղաքն ուներ երկու անուն՝ Գորիս և Կյորես։ Երրորդ անունը՝ Կորիս,−տալիս էր միայն մի մարդ՝ դեղավաճառ Քյալլա Ծատուրը, որը քաղաքում հռչակված էր որպես փիլիսոփա և հին գրքերի սիրահար։ Գուցե այդ գրքերից էր նա հանել քաղաքի Կորիս անունը, որ իզուր ճգնում էր տարածել։ Նրան համամիտ էր միայն ժամհար Պարսեղը, որը և միակ ունկնդիրն էր Քյալլա Ծատուրի ձեռագիր խորհրդածությունների՝ ճշմարիտ հավատի, ամուսնալուծության և «Երից տարրի փոխակերպման մասին»։

Քաղաքն ուներ երկու անուն և այդ երկու անվան մեջ, ինչպես ընկույզի երկու կճեպի մեջ, պարփակվում էր մի քաղաք երկու իմաստով, մի բնակավայր՝ երկու տարբեր ժողովրդով, որոնք ունեին իրենց առանձին սովորությունները, առանձին շահերը և մինչև անգամ նրանց անունները տարբեր էին և պատահում էր, որ այդ երկու ազգերը իրար լեզու չէին հասկանում։ Մի կողմը «օտարականներն» էին, կամ ինչպես կյորեսեցիք էին ասում՝ ղարիբականներն էին,— մյուս կողմը բուն Կյորեսն էր և նրա միջնաբերդը՝ Շենը և նրա նշանավոր պարագլուխները՝ Ղաթրինի Աղալոն, որ բեռնած էշը գետնից բարձրացնում էր, Պարան-Պարան Ավանեսը, որի ձայնը հասնում էր մինչև Դրնգանի ձորը, Գյուրջի Օբին, որի լեզվից վախենում էր մինչև, անգամ քաղաքագլուխ Մատթևոս բեյը։

Ղաթրինի Աղալոն, Պարան-Պարան Ավանեսը, Գյուրջի Օրին և շատ ուրիշ կյորեսեցիներ, լինելով բուն Կյորեսի պարագլուխները, ժամանակակից