Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/36

Այս էջը հաստատված է

ուզում էր, որ նա գյուղական գրագիր դառնա կամ ծառայի պրիստավի մոտ, իսկ Բադին արհեստի էր կողմնակից։

− Հարամ հացը թող իմ սուփրիս չլինի.− ասում էր նա: Վանդունց Բադին գիտեր, որ պիսիրը կաշառք է ուտում, գյուղում նրանից շատ են դժգոհ, չէր ուզում, որ իր մահից հետո իրեն անիծեն։

Հաբուդն էլ համաձայն էր հոր հետ, նա էլ չէր սիրում պիսիր Ավանին, որ որսկան շան պես հոտոտում էր, թե որտեղից կարող է պլոկել, երկու խոսք գրելու համար մի հավ առնել:

Պիսիր Ավանը Իսանանց հետ շատ մոտ էր, գնալ-գալ էր անում միշտ և շատ անգամ էլ հենց նրանց խանութում էր գործերը դրստում:

Բայց Հաբուդը թաքուն մի ուրիշ միտք էր անում, գնալ Բաքու արհեստ սովորել։ Շատ անգամ էր հանգ անում հորից խնդրելու, բայց բերանը չէր զորում մի բան ասելու։

Նա ուզում էր աշխարհ տեսնել, ինչպես ասում էր նրա ընկերը, որ Բաքվում էր աշխատել և հիվանդ լինելու համար տուն եկել։ Նրանք երկուսով նստում էին ժամերով տան կտուրին, ընկերը պատմում էր, թե ինչքան ուժով է մաշինը, թե մի բան կա, որ դարձնես, ճրագը կվառես առանց կրակի, թե ինչպես են նավթ հանում հորից և էլ հազար ու մի բան։

Հաբուդը լսում էր ուշադիր, զգում մի անզուսպ ցանկություն՝ տեսնել այդ ամենը։ Բայց հենց որ տուն էր գալիս, հանգչում էր կրակը բորբոք, հաշտվում էր գյուղում արհեստ սովորելու մտքին։

Մի օր էլ հոր հետ միասին դուրգար Դավիթի մոտ գնացին՝ խերով-բարով Հաբուդին նրա մոտ թողնելու համար։ Ուստան մի քիչ չեմ ու չում արավ, վերջը խոստացավ երկու տարում արհեստին վարժեցնել։

Իրիկունն ուստան եկավ Վանդունց տուն, կերան, խմեցին, դարդ դարդի տվին և այդ օրից դարձան սերտ բարեկամ։

...Կես գիշերից անց էր. չէր քնել ոչ Բադին, ոչ Հաթամի աղջիկը։ Միտք էին անում էգուցվա մասին գոհ ու բախտավոր։ Նրանց կողքին մուշ-մուշ քնել էր Հաբուդը՝ նեղ օրերի ապավենը միակ:

* * *

Մի առավոտ էլ գյուղում անսովոր իրարանցում ընկավ։ Գզիրը կտուրից կտուր կանչում էր զիլ ձայնով.

− Ա՜ խալխը, հե՜յ, թագավորի հրաման ա, ով որ սալդաթ ա էլել, պիտի հավաքվի քաղաքում, կռիվ ա Գերմանու հետ...