Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/361

Այս էջը հաստատված է

էին և ինչ լեզվով էին խոսում նրանք, այնքան էլ հեշտ չի պատմել։ Շենում ասում էին, որ գորիսեցիք խոսում են շան լեզվով.

– Խոջա Բաղիրի թոռները մեր Բողարի նման են հաչում... նրանք ի՜նչ մարդիկ են։ Մեր կծոտողի ճակատը նրանց ճակատից արդար է,– այդպես էր ասում Աթա ապերը, երբ Գորիս քաղաքից վերադառնում էր։

– Կյորեսի լեզուն շենավարի է... Ափսոս չի՞ մեր բլաղարոդնի լեզուն,–այդպես էր ասում տիկին Օլինկան՝ Մատվեյ Մատվեյիչի կինը, Անիկա տյոտյային, երբ նրանք նստում էին ֆրապ խաղալու։

– Հայ Գրիշա, Միշա, Մաշո, չեմ իմանում էլ ինչ շաշո... Ափսոս չի՝ մեր Մանգասարը, մեր Մանուչարը, մեր Սոնան... Հերս որ հարսին կանչում էր Մանիշա՜կ, Մանիշա՜կ, տասը մանիշակ էր բացվում,–այդպես էին խոսում ամենամոլեռանդ կյորեսեցիք, որոնք ծաղրում էին Գորիսի օտարականների ոմանց շլյապան, անվանելով կլիբո և ծղաման, ոմանց կանանց՝ անվանելով շինովի տիկնիկ, ոմանց միրուքն էին ծաղրում, անվանելով կուտուռուզ և այլ այնպիսի խոսքերով, որ գրքի մեջ ընդունված չեն։ Կյորեսեցիք ծաղրում էին քաղաքացիներին, հորինելով մականուններ՝ Պրիստավի Թազի, Թեփռած Եփրեմ, Ամբարի կատու Սողոմոն՝ ավագ եղբայրը Ավագիմովների, որոնք վաճառում էին ալյուր և բրինձ։

Եթե մի այդպիսի հին կյորեսեցու հարցնեիր, թե ինչ ազգից ես, նա կասեր տոհմի անունը՝ Ավետանց, Շալունց, Բակունց և ո՜վ գիտի ինչպիսի ազգանուններ,– որովհետև նրանց լեզվով ազգ նշանակում էր տոհմ, գերդաստան, տուն, որի բոլոր անդամներն իրար հետ կապված են արյան կապով։ Իսկ եթե նրան բացատրեիր, որ ազգությունն ես հարցնում, այլ ոչ թե տոհմը, նա կպատասխաներ.

– Կյորեսեցի եմ... Զանգեզուրի մարդ եմ,– կարծես «Զանգեզուրի մարդ» այդ նույնպիսի ազգ է, ինչպիսին ռուսը, անգլիացին, թուրքը։

– Աթա ապեր, բա դու հա՞յ չես։

– Ա քեզ մատաղ, դե ես ի՜նչ իմանամ ինչ եմ է՜... Թողնում են գլխիս մեջ հուշ մնա, որ իմանամ, թե ես ինչ եմ... Էսպես որ գնա չեմ իմանա, թե ես Աթա՞ն եմ, թե՞ էն աղբանոցում հաչողը...

– Վերջը, Աթա ապեր, բա դու հայ չե՞ս...

– Դե հայ եմ մի տակով մի գլխով։ Որ ավազանում մկրտված եմ, ուրեմն հայ քրիստոնյա եմ, էլի՜։ Հո անհավատ նասրանի չեմ... Հիմա որ հայ եմ, ի՞նչ եմ արել։ Գլուխս հո մեղրոտ չեմ արել։ Ոչ ու փուչ լինի խոջա Բաղիրի թոռը, երկու բեռ ցորեն տարա...– Բայց ընդհատենք Աթա ապոր զրույցը, որովհետև բնիկ կյորեսեցի լինելով նա խոսում է ծոր տալով և