Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/363

Այս էջը հաստատված է

որ կողմն է քշում ծուխը։ Այդ միամիտ ծերունին հավատում էր, թե ծուխը որ կողմը գնար, այն կողմի արտերն այդ տարի շատ բերք կտային...

Եվ պատահում էր, որ ծուխը գնում էր դեպի Ծլանգի տախտը, որտեղ խոջա Բաղիրի քսան օրավար արտերն էին: Ծերունին բարկանում էր.

– Ես պիտի իմ ոչխարը քեզ մատաղ անեմ, որ դու հացը խոջա Բաղիրի որդիներին տաս։

Եվ ասում են, որ մի անգամ, երբ մատաղի ծուխը փարթամ քուլաներով գնացել է քաղաքի վրա և մինչև անգամ փռվել է քաղաքի շուկայի վրա, Զդին Հաբուդ անունով մի բնիկ կյորեսեցի սուրբ Մարտիրոսի մատուռի առաջից կիսաեփ կաթսան գրկած տարել է Եզան Սուրբի ձորը, ասելով.

– Եզան Սուրբ, եթե դու էլ սուրբ Մարտիրոսի նման լիրբ ես, մատաղը կածեմ շների առաջ...

Երբեմն պալտոնավորը, այսինքն Գորիս քաղաքացիք՝ Եփրատ Երեմը, Անիկա տյոտյան, տիկին Օլինկան, Կիզիկով Իսակը հանդերձ ընտանյոք, Սահակ Սերգեյիչը՝ թագավորական ուսումնարանի տեսուչը, Ավագիմով եղբայրները, Ճաղարին Մուղրովը՝ արծաթյա մեդալներով, Կարճիկ Կևեր բեյի աղջիկները, նավթավաճառ Գյորգին, Լալազարանց տունն իրենց նշանավոր աղջիկներով, որոնցից մեկը՝ Հերսելյան ամենաչքնաղն էր քաղաքում և կոչվում էր «Թևը կոտրած հրեշտակ», որովհետև Հերսելյան քայլում էր ձախ ուսը մի քիչ բարձր, երբեմն այդ ահագին բազմությունը լիքը զամբյուղներով ուխտ էր գնում սուրբ Մարտիրոս, գնում էր զուգված, զարդարված, գույնզգույն հովանոցներով, որոնցից ամենագեղեցիկը՝ երկնագույն մետաքսե,– հով էր անում օրիորդ Հերսելյային և երիտասարդ չինովնիկների ու գործակատարների մի խումբ, որ հետևում էր Լալազարանց աղջիկներին և մանավանդ թևը կոտրած հրեշտակին,– հիանում էր Հերսելյայի խշխշան շորերով, բարակ մարմնով և նրա երկնագույն հովանոցով։

Երբ պալտոնավորն ուխտ էր գնում, Շենը դժգոհում էր, կարծես եկողներն այլադավան էին։ Գորիսեցիք էլ էին մատաղ անում․ մինչև անգամ Լալազարանց Հերսելյան, բարձրացնելով զգեստի փեշերը, ծնկաչոք մտնում էր Կանաչ եկեղեցին և այդ ժամանակ երիտասարդ չինովնիկներից մեկը փռում էր մի թերթ, որ ավազը չծակծկի նրա մարմար ծունկը։ Նրանք էլ էին մոմ վառում, ոչ այն դեղին մոմը, որը ճրագուից թափում էր սապոն եփող Սավադը, այլ սպիտակ և զառ նշանով մոմեր։

Պատահում էր, որ օրիորդ Հերսելյան և կամ Սահակ Սերգեյիչի դուստրը՝