Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/364

Այս էջը հաստատված է

Սուսաննան, համբուրում էին մատուռի քարը և մինչև անգամ խաչակնքում էին։

– Հողս գլխիդ,– նրանց հետևից ասում էր մի կյորեսեցի պառավ,– տեսնես բուլվարում քանիսին ես պաչպչել։ Էլ սուրբը քեզ հի՞նչ անի...

Եվ դուրս էին գալիս եկեղեցուց, գորիսեցիք ընկուզենիների տակ մատաղը մորթում էին, իսկ նրանք, որոնք կյորեսեցի էին, քաշվում էին վեր իրենց զուռնա նաղարայով, հին պարերով և հարս ու աղջիկ ծառերից կախելով պարանները, ճոճվում էին խոր անդունդի վրա, փռփռացնելով զգեստները։ Քաղաքացիները նայում էին նրանց և օրիորդ Հերսելյան ստուդենտ Ռուբենին ռուսերեն ասում էր.

– Երանի նրանց...

Երբեմն Կյորեսն ու Գորիսը ընդհարվում էին հենց ուխտավայրերում։ Եվ նույնիսկ քահանաները չէին կարողանում հաշտեցնել նրանց։ Ծաղրով, ծիծաղով կյորեսեցիք քշում էին բուլկի ուտողներին։ Այդ ժամանակ մի հարբած բրուտ մտնում էր Կանաչ եկեղեցու քարանձավը և այսպես էր գոռգոռում.

– Ապա դու սո՞ւրբ ես... Էն որ նավթ ծախող Գևորգը քո պատին մոմ կպցրեց, ինչի՞ նրա մատները չբռնեցիր չկպցրեցիր քո պատին։ Ապա չե՞մ ասել քեզ, քսան մանեթի դիմաց երկու եզս տարավ, ինձ սոված թողեց։ Ի՞նչ է, նրա մոմը ոսկի զառով էր, հա՞... Է, Կանաչ եկեղեցի, դու էլ ես ղալբացել,– և հարբած բրուտն սկսում էր հանգցնել քաղաքացիների մոմերը, գետնովն էր զարկում մոմերը և շարունակում էր նախատել սուրբին,– ա՜յ, ասում եմ, դրա վերջը որ չտաս, դուռդ կպատեմ... Դու սո՞ւրբ ես, թե յոթը դռան հաչող շուն...

Այդպես ամեն ինչով տարբեր էին Գորիսն ու Կյորեսը և մանավանդ Շենը՝ Կյորեսի միջնաբերդը։ Տարբեր էին նրանց լեզուն, սովորությունները, տարբեր ազգ էին և նույնիսկ նրանց հավատն ուրիշ էր։ Նրանք կողք-կողքի ապրում էին և նրանց միջև կռիվն անպակաս էր, հին կռիվը, ինչպես հին էր ձորը և ձորի գետը։

2

Ինչպես ձորը և ձորի գետը...

Բայց նույնիսկ ձորի գետը քանդում էր Կյորեսի կողմը, որովհետև Գորիսը փռվել էր բարձրադիր տափարակի վրա միանման տներով, որոնք բաժանվում էին հավասար քառակուսիների և ամբողջ քաղաքը նման էր զինվորական ճամբարի։ Այնտեղ ամեն ինչ այնպես էր, ինչպես քաղաքի