Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/366

Այս էջը հաստատված է


և մեծամեծերը, ինչպես կասեր Աթա ապերը: Նրանք էին բուն օտարականները, որոնց դեմ կռվում էր իսկական Կյորեսը և նրա միջնաբերդը՝ հին Շենը։

Ինչքան էլ ձորի գետը քանդեր բուն Կյորեսի կողմը և Գորիսը բարձրադիր լինելով զերծ մնար,—այնուամենայնիվ գետը չէր քանդում կյորեսեցիներին, այլ «պալտոնավոր օտարականները», որոնք հետզհետե դուրս էին մղում Շենը իր հին հողերից և ջրովի խոտհարքներից, փակում էին ճանապարհները և այլևս ոչ Ղաթրինի Աղալո կար, ոչ Պարան-Պարան Ավանես, որ դիմադրեր նրանց, այլ մնացել էր մի խեղճ Գյուրջի Օրի՝ շորերը գզգզված, աղքատ, արքա՝ օրավարձ մշակների, ջրկիրների, այրիների և որբերի, որոնք դեռ մնում էին Կյորեսի միջնաբերդում, իբրև պաշարված զորք, որ սպառել է հացը և վերջին կաթիլ ջուրը և դեռևս մի քանի զինվորներ շարունակում են կրակել, իրենց աղաղակներով խլացնելով բերդի մեջ մեռնողների կանչերը։

Գորիսը հաղթել էր։ Ու թեև հին կռիվը շարունակվում էր, բայց այդ պաշարվածների հուսահատ դիմադրություն էր և ոչ թե հավասարների պատերազմ։ Պատահում էր, որ Կյորեսի տղաները գետում լողանալու ժամանակ ընդհարվում էին «բուլկի ուտողների» հետ, մինչև անգամ նրանց ծեծում էին, քարերով քշում էին դեպի քաղաքը,—բայց այդ մանկական խաղ էր, ինչպես արդեն խաղ էր և այն, երբ Կյորեսի հարբած ուխտավորները ծաղրով և ահագին գոռում գոչյունով Կանաչ եկեղեցու ուխտից քշում էին Կիզակով Իսակին, հանդերձ ընտանյոք, նավթավաճաո Գեորգուն, Եփրատ Երեմին, Ավագիմով եղբայրներին, և մինչև անգամ քշում էին Ճաղար Մուղրովին, որի կուրծքը զարդարված էր մեդալներով։

Կյորեսը մեռնում էր, ինչպես մեռնում էր Խուռուփի ձորի վերջին կաղնին... Ամեն տարի մի ճյուղ չորանում էր, անձրևները մերկացնում էին անտառի հողը և հողի խորքից հետզհետե ցցվում էին տձև ժայռեր՝ սապատավոր և ահռելի։

Տեսնելով վերջին կաղնին, ոչ ոք չէր ասի, որ երբեմն Շհարի Տախտը, որտեղ քաղաքն էր, և նաև Տախտի հարևան ձորերը պատած են եղել խիտ անտառով, որից մնացել է միայն մի կաղնի Խուռուփի ձորում։ Այդպես էլ ոչ ոք չէր ասի, թե երբեմն Կյորեսը, նրա միջնաբերդը՝ Շենը իր թաղերով եղել է աղմկոտ փեթակ, և այնտեղ, ուր միայնակ խոխոջում է Ղաթրինի աղբյուրը, մի ահագին գյուղ կար քարանձավների մեջ, քերծերի գլխին... Որ Սալ կամուրջը, որից մնացել է միայն մի կամար,– եղել է ժողովուրդների կամուրջ, քարավանների կամուրջ և անհամար