Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/367

Այս էջը հաստատված է


բազմություններ են անցել այդ կամուրջով, ինչպես հետո անցնում էին թագավորական ճանապարհով։

Հետզհետե ամայանում էր Կյորեսը։ Անդունդն էր սուզվում հողագործների ազգը։ Ով մեռնում էր, առանց բարձրացնելու այն քարը, որ ընկնում էր հին տան պատից, ով ծախում էր վերջին հորթը պարտքի դիմաց և կամ գերի էր գրվում մի վաճառականի, կամ գլուխը փեշի տակ գնում էր օտարություն՝ Բաքու և Անդրկասպյան մի երկիր, մինչև Քերքի, մինչև Բուխար և ավելի հեռուներն էր գնում քարանձավում ծնված կյորեսեցին։ Այսպես «օտարականները» բնիկներին մղում էին օտար երկրներ, և իզուր էր Գյուրջի Օրին սպառնում, թե մի օր նրանք գերությունից ետ կգան և բուլվարի ծառերից մեկ-մեկ կկախեն «պալտոնավորներին»։

Այդ սպառնալիքը վաճառականներին միայն զվարճություն էր պատճառում և երբեմն Բանդիրին Չանթա-Ռեխ Գալուստը՝ ճոթի մաղազայի տեր,—մի շիշ օղի էր խոստանում Գյուրջի Օթուն, եթե նա խանութի առաջ կանգներ և երգեր «Գորիսի գովքը»,— մի երգ, որ կապել էր Նիազանց Անդրին և որով ծաղրում էին Գորիսի վաճառականներին և չինովնիկներին՝ ո՛րի ագահությունը, ո՛րի պարտքը ուրանալը, ո՛րի կաշառակերությունը և ո՛րի ընտանեկան կեղտը...

Հատ ու կենտ կյորեսեցիներ էին մնացել, որոնք հավատում էին, թե Գորիսի վերջն էլ կգա. բայց թե ի՞նչ վերջ կլիներ այդ,−նրանք չգիտեին։ Միայն Աթա ապերը, մի հարգևոր ծերունի, իբրև տեսիլք նկարագրում էր այն ժամանակը, երբ բազարի տեղն ինքը կամ մի ուրիշ կյորեսեցի վար կանի, պրիստավ Վասիլի տներից վեր նորից խոտհարքներ կդառնան և Կանաչ աղբյուրը, որի ակը խցկել են Սպիտակ բանտի տակ,— նորից կհորդա։ Այդպես էր ասում Աթա ապերը՝ ծոր տալով և երգելով, ՝ ինչպես երգելով խոսում էին հին կյորեսեցիք։ Բայց ո՞վ պիտի բացեր Կանաչ աղբյուրի ակը և ինչպես պիտի բացեին,— Աթա ապերը չէր ասում, այլ միայն պատմում էր այն օրերի մասին, երբ ինքը հոտաղ տղա էր և եզները պահում էր այնտեղ, ուր հիմա Սպիտակ բանտն է... Պատմում էր Սալ կամուրջի և կորած ճանապարհների մասին և պատահում էր, որ նրան լսելով մեկը մոռանում էր առօրյայի հոգսը։

Իսկ Կյորեսն այնուամենայնիվ մեռնում էր։ Մի կողմից գետն էր քանդում գետափի պարտեզները, երբեմն փլվում էին քերծերը՝ ծածկելով լանջերի փոքրիկ արտերը․ հողը հողագործի ձեռքից գնում էր և այդ անխուսափելի էր, ինչպես մահը, ինչպես արևի մայրամուտը... Բայց նրան ամենից ավելի մաշում էր Գորիսը՝ վաճառականների և մեծամեծների քաղաքը, որի մոտ Կյորեսը՝ ինչպես մի բառ ձյուն խարույկի մոտ։