Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/368

Այս էջը հաստատված է

Մի անգամ Կյորեսում եղավ մի դեպք, որից հետո նույնիսկ Գյուրջի Օբին այլևս չերևաց քաղաքի հրապարակում, և այնպիսի ահ պատեց Կյորեսին, ինչպես՝ եթե հանկարծ պայթեր Լաստի խութը։

Խաչի անունով մի մարդ՝ բուն Կյորեսից,– որին անվանում էին Ծմակի Խաչի, որովհետև տարին բոլոր նա շրջում էր անտառներում և վայրի ձորերում և այնքան էր մենակ շրջել, որ ասում էին, թե Ծմակի Խաչին խոսել չգիտե, այլ մռնչում է գազանի նման,– Ծմակի Խաչին աղվեսի, կզաքիսի և լիսեմնի մորթիների մի շալակ տանում է Միրումովների մաղազան։ Շատ վաղ ժամանակ Ծմակի Խաչին նրանցից պարտք էր առել տասնմեկ մանեթ։ Եվ այդ ժամանակից տարին երկու անգամ գարնանը և խոր աշունքին, Ծմակի Խաչին երկու շալակ մորթի էր բերում։

– «Նրա վիզը կմաշի, բայց Միրումովների դրած լուծը չի մաշի»,– ափսոսում էին կյորեսեցիք, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր լուծը և իր մաշվող վիզը:

Ծմակի Խաչին մտածում էր, որ այս անգամ կազատվի պարտքից, որովհետև մորթիների մեջ կային երկու աղվեսի արծաթափայլ մորթի, որ հազվագյուտ է։ Միրումովների մաղազայում նրան ասում են, որ պարտքից դեռևս մնում է քառասունչորս մանեթ և երեք աբասի։

– Երեք աբասին էլ քո գլխին մատաղ,– և Միրումով Կյուքին, որին անվանում էին Կույր գայլ, համրիչը դնում է տեղը։

Ասում են Ծմակի Խաչին գոռացել է, ինչպես՝ եթե վրան կրակ թափեին։ Եվ փախել է առանց ետ նայելու...

Երեք օր փնտրել են նրան։ Փնտրել են որսորդ ընկերները, փնտրել են եզնարածները, մինչև անգամ տանուտերերին են հայտնում, երբ մի օր մի հորթարած լուր է բերում, թե Լաչին քերծի տակ երևում է մի դիակ։ Գնում և քերծի գլխից ճանաչում են Ծմակի Խաչու դիակը։ Ձորն այնքան խորն է և անառիկ, որ հնար չի լինում իջնել՝ ոչ պարանով և ոչ այլ կերպ։ Եվ վերևից հող են թափում դիակի վրա։

Այդ օրերին ջրաղացպանը պատմել է, որ ինքը գիշերով Լաչին քերծի կողմից լսել է մի ամեհի գոռոց.

– Քանդվե՜ս դու, Գորիս,– լսել է ջրաղացպանը։

Այդ դեպքից հետո Գյուրջի Օբին այլևս չերևաց քաղաքի հրապարակում և այնպիսի ահ պատեց Կյորեսին, ինչպես՝ եթե հանկարծ պայթեր Լաստի խութը։