Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/369

Այս էջը հաստատված է


3

Գորիս քաղաքի միջուկը, այսպես ասած պարունակությունը, կազմում էին վաճառականները և պետական պաշտոնյաները՝ դյուքանդարները և մեծամեծները,– ինչպես նրանց անվանում էր Աթա ապերը։ Այդ մի ամբողջ բանակ էր, որ իր քարաշեն զորանոցները կառուցել էր գետահովտում և Շհարի տախտից ռմբակոծում էր մինչև խուլ գյուղերը՝ անտառների խորքում, բարձր լեռների լանջին և այնպիսի խոր ձորերում, որի բնակիչներն իրենց գյուղի ճանապարհի մասին այսպես էին ասում.

– Մեր շենի ճանապարհը կարգին ճանապարհ է... մինչև անգամ բեռնած էշն էլ կանցնի։

Գորիսը կենտրոն էր՝ վարչական, ռազմական և տնտեսական կենտրոն մի լայնածավալ գավառի, որ ամենաընդարձակն էր Անդրկովկասում և տարածվում էր Սևանա լճի հարավային լեռներից մինչև Արաքս։ Լեռնաշղթաներով և խոր ձորերով կտրտված այդ աշխարհում ապրում էին այլացեղ և այլադավան ժողովուրդներ՝ նստակյաց և վաչկատուն, խաշնարած և հողագործ և այնպիսի ժողովուրդ, որ ոչ հողագործ էր և ոչ խաշնարած, այլ անտառաբնակ էր, և ոչ ոք նրանց մասին ստույգ բան չգիտեր և նույնիսկ ասում էին, որ նրանք առանձին ազգ են՝ այրում են և երկրպագում են բարձր ծառերի և իբր թե մութ ծմակներում նրանք շրջում են առանց զգեստի։

Այդ ընդարձակ գավառը՝ Զանգեզուրը լեռնաշղթաներով և խոր ձորերով բաժանված էր բազմաթիվ մահալների։ Իրենք՝ մահալները բաժանվում էին իրարից անջատ մանր գյուղախմբերի և հաճախ կարելի էր լսել այսպիսի խոսք.

– Մինչև սարի սեռը մեր երկիրն է, էն երեսը Աղավնու երկիրն է։– Նույն գյուղացիները իրենց գյուղին «հայրենիք» կամ «երկիր» էին ասում, հարևան գյուղին՝ «օտար երկիր» կամ «ղարիբ տեղ»։

Շհարի տախտի բնակիչները գրավել էին այդ ամեն «երկիրները»,– ինչպես մի իրական պետություն զենքի ուժով գրավում է իսկական երկրներ։ Մահալները և գյուղերը՝ մինչև վերջին բնակավայրը, որ նույնիսկ գյուղ չէր հաշվում, այլ ձմեռանոց,– այդ ամբողջ երկրներն իրար մեջ բաժանել էին Գորիսի վաճառականները և չինովնիկ մեծամեծները։ Բաժանել էին կռվով և ուժեղին բաժին էր ընկել ամենից հարուստ մահալը։ Այսպես՝ Միրումովները հնուց անտի տիրում էին Մինքենդի բոլոր գյուղերին,– այն լեռնային մահալները, որոնք այժմ կազմում են Քյուրդիստանի հյուսիսային մասը։ Բայանդուրից մինչև Շոթանան սեփական