Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/37

Այս էջը հաստատված է

Քաղաքից եկողները պատմում էին, որ ամեն տեղ մեծ թղթեր կա պատերին փակցրած, փողոցներում մարդիկ իրար տեսնելիս կռվի մասին են խոսում, շատ զինվոր պիտի հավաքեն, կռիվը շատ տերությունների մեջ է, աշխարհն խառնվելու է իրար:

Գյուղացիք խմբերով հավաքվում էին դուքանի առաջ. գրագետ մեկը սկսում էր լրագիր կարդալ, լսում էր գյուղը անծանոթ անուններ ու վայրեր, քաղաքներ ու տերություններ և բնազդով զգում, որ թանկություն պիտի լինի, մեծ կոտորած ու զրկանք։

Իսանանց տանուտեր ախպերն ասում էր, որ կռիվը օգուտ է ժողովրդին, որ ռուսի թագավորի թախտը հաստատ է, ժողովուրդը շատ, և որ շուտով Գերմանի թագավորը հաղթվելու է։

− Սրան Ռուսեթ են ասում, մի տուտը հեն ա Սիբիր, մեկելը Հնդստան. բա իսկի իսան կարա՞ դիմանա...

Ալևորներից ոմանք պատմում էին, որ «Էփրեմերդին» այդպես է ասում, գրված է, որ յոթ տերություն իրար պիտի խառնվեն, հացը պիտի թանկանա, թագավորի խարջը շատանա։

Ամենից շատ պիսիրն էր ուրախ։ Նրա շուրջն ստեղծվում էր գյուղի զոռբաների տղերքից դեզերտիրների մի խմբակ։ Նրանք կաշառում էին, չափաբերականը կեղծում, իրենց տեղ ուրիշին ուղարկում, որ իրենք գյուղում մնան, ինչ ուզեն անեն։ Մանր հաշիվների ու հին վրեժների հատուցման լայն ասպարեզ էր բացվել գյուղում։

Քաղաքի պատերին կպցրած թղթերը հուզել էին ճահիճն այն խաղաղ, ուր ամեն ինչ առաջ մերվել էր, և կարծես թե գայլի հետ գառն էր ապրում։

* * *

Հաբուդն արդեն նկատում էր գյուղում եղած փոփոխությունը։ Իսանանց դուքանում ներկերը թանկացրել էին, ճոթ ու կտորը պակաս էր երևվում, իսկ շաքարը կրակի գին ուներ։

Իսանանց տղերքը ճոթը պահում էին իրենց տանը, որ հետո ծախեն:

− Ճամփեքը փակվել ա. էս ներկերը Գերմանու ապրանք ա, էլ երբ կճարես դու էսպես ապրանք:

Հարուդի աչքի գրողը գյուղի պիսիրն էր։ Մի անգամ պիսիրը Խաչումենց հարսին, որ գնացել էր ամուսնուն նամակ գրել տալու,−փիս խոսք էր ասել, ձեռ տվել, հարսն էլ լացակումած հեռացել էր նրա մոտից։