Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/370

Այս էջը հաստատված է

ժառանգությունն էր Բաղիրովների առևտրական տան։ Սիսիանի մի մասը՝ Որոտան գետից ձախ,– տիրում էին Ֆրանգուլովները։ Ձորերը՝ Ավագիմովների միահեծան թագավորությունն էր, Կյորեսը և քաղաքամերձ չորս գյուղ բաժանված էին առևտրական երկու տների միջև։ Յուրաքանչյուր առևտրական տուն իր մահալի գյուղերում ուներ մանր ու մեծ խանութներ և ահագին թվով մանր վաճառականներ, որոնք խանութ չունեին, այլ ձիերի վրա, երբեմն սեփական մեջքի վրա այդ խանութների ապրանքը բարձրացնում էին մինչև լեռան ծերպը, եթե այնտեղ ծխում էր մի օջախ։

Նրանք ոչ միայն վաճառում էին շիլեյ, մահուդվարի, Իրանի ղադաք, փոնձա, շալ, շաքար, նալ ու մեխ, սաղսի, նավթ, սաղրի քոշ և այլ այսպիսի ապրանքներ որ քարավաններով ստանում էին Թավրիզից, Շուշուց (ռուսական մանուֆակտուրան՝ Պրոխորովի, Կրատնիկովի, Վիտովի, Ցինդելի և ուրիշ ֆիրմաների մեծաքանակ պահեստները Անդրկովկասի հարավի և Հյուսիսային Իրանի համար կենտրոնացված էին Շուշի շահաստան քաղաքում),– ստանում էին Բաքվից և մինչև անգամ Տրապիզոնից էին ստանում,– նրանք ոչ միայն վաճառում էին, այլ յուրաքանչյուր առևտրական տուն իր մահալում մենաշնորհ իրավունքով գնում էր բուրդ, ցորեն, անասուն, յուղ, պանիր, հավաքում էր գորգեր՝ թիրմահի, եան, խորասան, մարդաշենք, պատնոց,– կարպետներ՝ դարախլու, շղթա-շղթա և առանց զարդի,– նրանք հավաքում էին պղնձե ամաններ՝ կուժ, կուլա, ջամ, մարթաբ, սինի, բադիա, կաթսա,– ինչ որ ձեռք ընկներ և հալելով՝ իբրև կարմիր պղինձ, ուղտերի նույն քարավանով ուղարկում էին Թավրիզ, Խորասան և Եզդան շահար։

Այդ առևտրական տները նաև յուրատեսակ բանկեր էին: Նրանց ձեռքում էր դրամը, նրանք վաշխ էին առնում մանեթին երեսուն, քառասուն և ավելի։ Միրումով Կյուքին, որին անվանում էին Կույր գայլ, իր որդիներին սիրում էր ասել պապից լսած խոսքը.

– Որտեղից լացի ձայն լսես, ներս մտիր, կամ մարդ է մեռել, կամ սոված են, կամ տան տիրոջ ձեռքը նեղ տեղն է։ Տո՛ւր, պարտք տուր, չա՛րմեխիր, էնպես մեխիր, որ հուր հավիտյան դռանդ կլանչի։

Եվ մեխում էին, շղթայում էին ծանր շղթաներով և որոնք սարերում ազատ վրնջացել էին,– նրանք դառնամ էին բեռան ձի։ Հետզհետե ուռչում էին սանադի դավթարները և ղաբզի մյուջրիները, այն փոքրիկ սնդուկները, որոնց մեջ հազար մուրհակ և հազար անուն կար։