Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/372

Այս էջը հաստատված է


չկար երկու Զիլֆուղար բեյերի միջև։ Վերջապես կային բեյեր, որոնք մի հատ էին, ինչպես Գորիսում մի հատ էր տիկին Օլինկան, Փոշտի Անտոնը, Եփրատ Երեմը, նավթավաճառ Գեորգին և ուրիշները... Կար մի Ասատուր բեյ, որ ասունաս չէր խաղում, այլ սիրում էր որձ այծի միս, կար Պավլի բեյ` որ «Մշակ» թերթի անխափան բաժանորդն էր, կար Վաղարշակ բեյ՝ զար գցող, կար Խանլար բեյ` շուն պահող, կար... և այլ ինչպիսի բեյեր չկային երանելի Գորիս քաղաքում։

Այդ բեյերից ոմանք շառավիղն էին ազնվական հին տոհմերի և ունեին կալվածքներ, որոնց հասույթով անկարոտ ապրում էին։ Այդպիսին էր, օրինակ, Պավլի բեյ Օրբելյանը, «Մշակ» թերթի հավատարիմ բաժանորդը, որ առանձնացած ապրում էր իր տանը, ինչպես իշխանը դղյակում, հագնվում էր հին տարազով և ասում էին, թե իբր գավառապետը նրան չի սիրում, որովհետև Պավլի բեյը իր այգում վեճի էր բռնվել ռուս քահանայի հետ և հաստատել էր, թե հայոց կրոնն ավելի հին և ավելի ճշմարիտ է։ Այդպիսին էր նաև Համբարձում բեյը, որ երբեմն գյուղ էր գնում՝ տաքացրած թան ուտելու իր ազգի տանը։ Այդ ժամանակ նրա շուրջն էին հավաքվում ազգական ծերունիները և մունդիրը հանելով Համբարձում բեյը ննջում էր բարձերի վրա, իսկ ծերունիները շարունակում էին պատմել վաղի ժամանակներից:

Կային այդպիսի բեյեր՝ հին տոհմերից, բայց բեյերի մեծ մասը կեղծ ազնվականներ էին, որոնց հայրերը 1851 թվի բեկական հանձնաժողովին (бекская комиссия) ներկայացրել էին ինչ-որ թղթեր իրենց ծագման մասին Տաթևի վանքից, խանի ժամանակներից և նույնիսկ գնդապետ Սարոկինի ձիապան Խուդին հաջողացրել էր բեյի կոչում ստանալ և վերադարձել էր իբրև Խուդաբախշի բեյ։ Բեյերի մի մասն այդպես էր ձեռք բերել կոչումը, իսկ մյուսները նախկին տանուտերերի, գրագիրների և հարուստ հողատերերի որդիներ էին, որոնք պետական ծառայության մտնելով, կոչվել էին բեյ, մի սովորություն, որ մնացել էր պարսկական տիրապետության ժամանակից։

Առևտրականների նման բեյերը ևս ունեին իրենց ազդեցության մահալները և գյուղերը։ Ոմանք այդ ազդեցությունն ունեին ի ծնե, որովհետև այդ գյուղերի ջրարբի հողերը նրանց հայրական սեփականությունն էին։ Ոմանք այդ ազդեցությունը ձեռք էին բերել «քրտինքով» և մի անգամ ձեռք բերածն արդեն անքակտելի էր։

Բեյերի բույլը բոռերի նման վխտում էր գավառային վարչության դիվանում (դավթարխանա), զինվորական և հաշտարար ատյաններում (սուդարան), հարկային տեսչության մեջ,– վխտում էին՝